«Հիմնավոր կասկած կա, որ դուք պարզապես վախենում եք, երբ հրապարակվեն բանակցային փաթեթները, էլ այդ բոյի սուտ չեք կարող հորինել»․Մամիջանյան

Ազգային ժողովում այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները կոշտ քննադատեցին իշխանությանը, նշելով՝ նրանց վարած քաղաքականությունը Հայաստանին բերել է այնպիսի կետի, որտեղ պետության անվտանգությունը, ինքնիշխանությունը և ժողովրդի արժանապատվությունն առկա սպառնալիքների տակ են հայտնվել։ Ընդդիմադիրների խոսքով՝ այս իրավիճակում հասարակությունն այլևս կանգնած է ջրբաժանի առաջ՝ համակերպվել իրականությանը, թե պայքարել սեփական երկրի համար։
ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ելույթում ասաց․«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները գործող կառավարիչների քաղաքական կուրսն ու որպես հետևանք պետության ստացած բազմաթիվ հարվածներն ու վնասները վաղուց հասարակությանը ջրբաժանի առաջ են կանգնեցրել՝ համակերպվե՞լ ստեղծված իրողություններին, թե՞ պայքարել սեփական երկրում կյանքի արժանապատիվ պայմանների և պաշտպանվածության համար»։
Նրա խոսքով, մի կողմում իշխանությունների սին ու կեղծ խոստումներն են, իսկ մյուս կողմում՝ Հայաստանի շուրջ ահագնացող ծանր հեռանկարները, որոնք մարդկանց դնում են ծանր ընտրության առաջ՝ հեռանա՞լ, թե՞ մնալ և դիմադրել։
Աբրահամյանն ընդգծեց, որ ժողովրդի մեջ կոնսեսուս է ձևավորվում այն մտքի շուրջ, որ այս իշխանության շարունակությունը նոր փորձությունների տանող ուղի է։ «Իշխանությունը խոստացավ խաղաղություն՝ ստացանք պատերազմ, խոստացավ բարեկեցություն՝ ստացանք արտագաղթ, խոստացավ ինքնիշխան երկիր՝ ստացանք նոր օկուպացված տարածքներ, խոստացավ արժանապատիվ կյանք՝ ստացանք մշտական անարգանք», – հայտարարեց պատգամավորը։ Նրա համոզմամբ, այլ ելք չկա, քան այս «կապիտուլյացիոն քաղաքականությանը մերժելը, որը լրջորեն խարխլել է Հայաստանի ինքիշխանության հիմքերը, էականորեն թուլացրել անվտանգության մակարդակը և ոտնձգությունների ենթարկել մեր ազգային արժեքները»։
Նա շեշտեց, որ Հայաստանում պետք է ձևավորվի իշխանություն, որի արտաքին և ներքին քաղաքականությունը կառուցված կլինի բացառապես ազգային շահի վրա․ «Անհնար է հաշտվել այն մտքի հետ, որ մեր երկրի կենսական շահը դարձնում են սակարկման առարկա»։
Նույն խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ իր ելույթում ասաց՝ իշխանությունը ոչ միայն չի կատարում իր խոստումները, այլև ամեն օր զբաղված է սեփական վարքագծի թատերականացմամբ՝ հեռու մնալով քաղաքական լրջությունից։ «Այսօր Նիկոլ Փաշինյանը բառիս բուն իմաստով պարում էր Ազգային ժողովի ամբիոնից՝ պատկերացնելով, որ իր ձեռքում կտրած գլուխ է կամ մարմնի այլ մաս»,-ասաց նա։
Մամիջանյանն ընդգծեց, որ Փաշինյանը անում է ամեն ինչ, բացի իր խոստացած քայլերից. «Հեծանիվ է քշում, ադնակլասնիկի ստատուսները հավաքում է իրար գլխի, համարում է, որ գաղափարախոսություն է գեներացնում, փոդքաստ է անում՝ անում է ամեն ինչ, բացի իր խոստացածից»։
Նրա խոսքով՝ այն, ինչ ժողովուրդը իրականում ցանկանում է տեսնել՝ բանակցային փաթեթների բովանդակությունը, վարչապետը հրաժարվում է հրապարակել։
«Մարդ, որը ՀՀ-ի ստրատեգիական ռեզերվը հրապարակել է կառավարության նիստին՝ դա գաղտնիք չի համարում, իսկ այն, ինչը ժողովուրդը ուզում է տեսնի՝ դա է գաղտնիք համարվում։ Կարծում եմ՝ հիմնավոր կասկած կա, որ դուք պարզապես վախենում եք, երբ հրապարակվեն բանակցային փաթեթները, էլ այդ բոյի սուտ չեք կարող հորինել, որպեսզի ձեզ արդարացնեք»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Մամիջանյանը քննադատեց նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներն՝ այն համարելով աբսուրդ․ «Երբ մեղավորները քննում են հանցագործությունը՝ դա ինքնին աբսուրդ է»։
Նա կոչ արեց իշխանություններին հրապարակել պատերազմի հետ կապված ամբողջական փաստաթղթերը և զոհվածների անվանական ցուցակը՝ ընդգծելով, որ թաքցնելով իրականությունը, փորձ է արվում պատերազմի ամբողջ պատասխանատվությունը բարդել բանակի և նախկինների վրա․«Թե՞ կարող ա պարզվի, որ եթե մեր սպառազինությունների պլանը չփոխեիք ու ՀՕՊ-եր առնեիք, ԱԹՍ-ներ առնեիք՝ սելֆիի սուվենիրի փոխարեն, ապա արդյունքը այլ կլիներ։ Թե՞ կարող ա Իսկանդերի կիրառումը ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում այլ արդյունքի բերեր»։
Նրա կարծիքով՝ այս իշխանությունը նման բաները երբեք չի հրապարակի, քանի որ պատրաստ չէ ստանձնելու պատասխանատվությունը։
«Ի՞նչ եմ ես ակնկալում մարդկանցից, ովքեր 44-օրյա պատերազմի զոհերի անվանական ցանկը չեն հրապարակել։ Վերջում խորհուրդ՝ բոլորիդ՝ ինքնախոստովանական ցուցմունքը մեղմացնում է պատիժը»,-եզրափակեց պատգամավորը։
Սյուզաննա Խառատյան