«Ոչ մեկի հետ քաղաքական առումով այս պահի դրությամբ չեմ համագործակցում։ Հետագայում միգուցե կլինի»․Վարդան Ղուկասյան | Region

«Ոչ մեկի հետ քաղաքական առումով այս պահի դրությամբ չեմ համագործակցում։ Հետագայում միգուցե կլինի»․Վարդան Ղուկասյան

Ապրիլ 16,2025 11:11

Գյումրու նորընտիր  ավագանու առաջին նիստում Կոմկուսից Վարդան Ղուկասյանի առաջադրումից հետո կարճ ելույթ ունեցավ Ղուկասյանը, ապա հայտարարվեց ընդիմիջում։

Գյումրու համայնքապետարանում են և նիստին էին հետևում ԱԺ «Մայր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Մհեր Մելքոնյանը։

Ընդմիջման ընթացքում Ղուկասյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ իսկապե՞ս չունեք քաղաքական հենարան, ասաց՝ չունեմ․«Ոչ մեկի հետ քաղաքական առումով այս պահի դրությամբ չեմ համագործակցում, ճանապարհ չեմ գնում։ Հետագայում միգուցե կլինի, երբեք մի ասա երբեք»։

Խոստացավ համերաշխությամբ կառավարել, ոչ մեկի հետևից «դավեր չդավել, խառնակչություն չանել»։

Ասաց, եթե այլ ուժերը չքվեարկեն իրենց ծրագրերին, պատրաստ է մյուս ուժերի ծրագրերը քննարկել․«Էնպես չէ, որ մենք վունդերկինդ ենք, մերն է ճիշտ ու վերջ»։

Հավատացյալ մարդն ինչպես է Կոմկուսով առաջադրվել, այս հարցին ի պատասխան էլ ասաց․«Հիմա Կոմկուսը էն առաջվա՝ Լենինի ծրագրով չի առաջնորդվում, որ քանդել եկեղեցիները, հավատքը սուտ է, էս կողմ, էն կողմ։ Իրենք էդպես չեն մտածում, եթե էդպես մտածեին, իրենց հետ քայլ չէի անի։ Իրենք հավատացյալ մարդու պես են ապրում՝ գնում են եղեկեցի, մկրտվում են»։

Հարցին՝ Միքայել սրբազանն առաջարկել էր ձեր և Մարտուն Գրիգորյանին հաշտեցնել, բայց դուք չգնացիք սրբազանի հետ հանդիպման, ինչո՞ւ, Ղուկասյանը պատասխանեց․«Ճիշտն ասած՝ հաշտեցնելու բան չկա, ես ոչ մեկի հետ խռով չեմ, ոչ մեկի հետ պրոբլեմ չունեմ»։

Այսօր նիստից առաջ Ղուկասյանը լրագրողներին ասել է՝ կադրային ջարդ չի լինելու, մենք չենք սիրում կադրային ջարդ անել։

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ իշխանություններն իր դեմ քրեական գործեր կհարուցեն, նա պատասխանեց. «Նավթալինի հոտ է գալիս այդ հարցից: Եթե լուրջ քրեական գործեր լինեին, ես չէի առաջադրի իմ թեկնածությունը»:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Վարդան Ղուկասյանի ճիշտ տեղը բանտն էր, նա ասաց. «Ես զարմանում եմ, որ ԱԺ նախագահը նմանատի բաների հետեւից է ընկել: Ով ինչ ցանկանում է՝ իր գլխին կգա, մեղք է: Ես իրեն լավն եմ ցանկանում»:

Գյումրիում այսօր ավագանու առաջին նիստում, որտեղ պետք է ընտրվի քաղաքապետ, գրանցվել է ավագանու 18  անդամ։  Ընտրություններում ամենաշատ՝ 14 մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիրը»  չի մասնակցում նիստում։  Խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը հայատարարել է՝ «Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է: Հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների»:

Հիշեցնենք, շեմը հաղթահարած մյուս ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ անհրաժեշտ քվեն կտան, որպեսզի Վարդան Ղուկասյանն ընտրվի քաղաքապետ։

Կարինե Կազարովա

 

 

 

 

Նորություններ