«Եթե էդպես բան անեն, կսխալվեն, էդ ժամանակ դու տես, թե ինչ ձայներ կհավաքենք»․Վարդան Ղուկասյանը՝ ՔՊ-ի հայտարարած՝ Գյումրիում նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին

Եթե Գյումրիում արտահերթ ընտրություններ լինեն, ապա Վարդան Ղուկասյանն անպայման կմասնակցի։ Այս մասին այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասաց Վարդան Ղուկասյանը։
Այսօր ՔՊ-ն չի մասնակցել Գյումրու ավագանու նիստին, որի ժամանակ պետք է քաղաքապետ ընտրվեր։ Ի դեպ, Վարդան Ղուկասյանն այսօր 18 կողմ, 0 դեմ քվեարկությամբ ընտրվեց Գյումրու քաղաքապետ։
Սարիկ Մինասյանն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշել է․« Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է: Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից․․․։ Հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների»։
Անդրադառնալով այս հայտարարությանը Վարդան Ղուկասյանն ասաց․«Եթե էդպես բան անեն, կսխալվեն, էդ ժամանակ դու տես, թե ինչ ձայներ կհավաքենք։ Խոսքս հիշի։ Կտեսնես, թե ինչ կլինի։ Մենք չգիտեինք, թե ինչ պիտի կատարվի, ոնց է լինում, ես մի բան չէի հաշվարկել, ոչինչ, եթե արտահերթ լինի, կուղղենք մեզ։ Կապրենք, կտեսնենք, ես ոչ գուշակ եմ, ոչ Նաստրադամուսը, համբերեք»։
Նա վստահ է, որ եթե լինեն արտահերթ ընտրություններ, մասնակցությունը մեծ կլինի․«Եթե գյումրեցիներին մնա, կմասնակցեն ընտրություններին, իրենք գիտեն, որ ճիշտ են արել իմ պահով։ Ամոթ էլ կա, գիտեն՝ արած կա, ապրած կա, աշխատանք կա, էդ գեղեցիկ պալատները, որ նստել են․․․, (նկատի ունի քաղաքապետարանի շենքը) էդ ո՞վ է սարքել։ Էստեղ, որ պարկուճը դնում էինք Մուրադ Մուրադյանի հետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը վերևում կանգնած էր, ասում էր՝ էդ որ դնում եք, փողերը ո՞վ պիտի տա, Վարդան։ Ասի՝ պարոն վարչապետ, Աստված ասում է՝ դուք սկսեք, ես կվերջացնեմ։ Տեսաք՝ ինչ հոյակապ մի բան է կառուցվել։ Հայաստանի զարդն է համարվում։ Վերջին հարյուր տարիների տասը լավագույնների մեջ է մտած, Իատալիայում է ճանաչվել՝ որպես շինություն»։
Նա նաև նշեց Ամենափրկչ եկեղեցին, ու շարունակեց , անդրադառնալով իրեն առնչվող քրեական գործերին․«դ որ ասում են՝ դատական պրոցեսներ, ուրեմն դրանք գիտես ինչ է, որ մարդկանց տվել եմ բանակարան կառուցելու , կամ կենցաղսպասարկման օբյեկտ կառուցելու, 60 հոդվածի մեջ ինչ որ խնդիր է առաջացել, կամ սնանկացման դատարանը օտարել է հողը, քաղաքապետարանին պարտավորեցրել է, որ օրինակացնի։ Մեղադրում են քաղաքապետին, դրանք էլ խառնվել են իրար»։
Կարինե Կազարովա