«Չենք թողնելու, որ մի քանի բիզնեսմեն պետությունից հարուստ լինի։ Իմ ունեցվածքից որպես ի՞նչ տամ էս պետությանը»․ Վարդան Ղուկասյանն իր ունեցվածքի, կուլակաթափության և այլ հարցերի մասին | Region

«Չենք թողնելու, որ մի քանի բիզնեսմեն պետությունից հարուստ լինի։ Իմ ունեցվածքից որպես ի՞նչ տամ էս պետությանը»․ Վարդան Ղուկասյանն իր ունեցվածքի, կուլակաթափության և այլ հարցերի մասին

Ապրիլ 16,2025 13:44

Փաշինյանին արդյոք կընդունի Գյումրիում, այս մասին Վարդան Ղուկասյանն ասում է՝  «Վարչապետի աթոռը կհարգեմ, բայց պավիդենին՝ ինչ ձևի կանեմ՝ Какой привет, такой ответ»։

Առաջինը լինելու է կադրային քայլը, թե ում հետ ենք աշխատելու։ Գյումրու ավագանու առաջին նիստում քաղաքապետ ընտրվելուց հետո Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր առաջին քայլերին։

Ասաց՝ պետք է անպայման ինձ մոտ հրավիրեմ թեկնածուներին՝ քննարկելու բոլորիս ծրագրերը․« Վերջում ընդհանուր հայտարարի գալուց հետո անցնելու ենք մեր ծրագրերի իրականացմանը։ Օրինակ՝  աշխատավարձերի բարձրացման հարցն եմ բարձրացնելու և դրա լուծումները, թե բյուջեն ոնց ենք ավելացնելու, որ կարողանանք մարդկանց աշխատավարձը բարձրացնենք։ Ես գիտեմ, թե դա ոնց ենք անելու, ինչ սկզբունքով և որտեղից պետք է բյուջեն ավելացնենք»,-հայտարարեց նորընտիր քաղաքապետը։

Վստահեցրեց՝ ՔՊ-ին էլ է հրավիրելու։ Իսկ եթե ՔՊ-ն չմասնակցի, ի՞նչ են անելու, այս հարցին ի պատասխան էլ ասաց․«Բա հիմա ոնց ընդունեցինք, (նկատի ունի, որ «Մեր քաղաքը» դաշինքը 5 քվեով կողմ քվեարկեց, ինչի շնորհիվ նա ընտրվեց քաղաքապետ)։ Բայց ես մտածում եմ, որ ՔՊ-ն էլ պիտի մասնակցի, այնտեղից էլ շատ մարդիկ պիտի լինեն, որ մասնակցեն, որովհետև մեր քաղաքի, բոլորիս համար է։ Սա Ղուկասյան Վարդանի մասին չէ խոսքը։ Եթե իրենք ոխ պահեն, բնակչությունն իրենց կարծիքը կասի առաջիկա ընտրություններում»։

Մարտուն Գրիգորյանին շնորհակալություն հայտնելո՞ւ եք, որ ձեզ քաղաքապետ դարձրեց իր ուժով, այս հարցին էլ ի պատասխան Ղուկասյանն ասաց․«Այդպես ասելը մի քիչ սիրուն չէ, բայց ես երբ տեսնեմ, ես խնդիր չունեմ, ես իրենց ոխերիմ թշնամի չեմ ճանաչում։ Ես իրենց ազգի հետ, իրենք մեր ազգի հետ շատ բարիդրացիական հարաբերություններ ունենք»։

Մեկ այլ հարցի՝ դուք ամեն անգամ կարևոր որոշում հաստատելուց առաջ պիտի Մարտուն Գրիգորյանի դուռը գնա՞ք, որ  ձայներ ստանաք, Ղուկասյանն այսպես պատասխանեց․«Ես ոչ մեկի դուռը չեմ գնա, ես կապրեմ էնպես, ինչպես ապրել եմ, ինչպես ընդդիմադիր քաղաքապետերը։ Ես ոչ մեկի դուռը չեմ գնում, սրբի դուռ գնում եմ։ Ներողամտությունը, համերաշխությունը իմ զենքն է»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր չի մասնակցել ավագանու նիստին, արդյոք նրանք կշարունակեն բոյկոտը, թե՞ կմասնակցեն նիստերին, այս առնչությամբ Ղուկասյանն ասաց՝ ովքեր համարձակ մարդիկ են, ովքեր ամեն ինչից շատ սիրում են իրենց քաղաքը, քաղաքական պատվերներն իրենց համար երկրորդական են, ուրեմն այդ մարդիկ կմասնակցեն․«Իսկ նրանք, ովքեր ամեն ինչից վեր դասում են կուսակցությունը, ուրեմն կտեսնենք՝ նրանց գնահատականը կտանք ես ու ժողովուրդը»։

Հարցին՝ եթե վարչապետ Փաշինյանն այցելի Գյումրի, արդյոք կընդունի նրան, Ղուկասյանն ասաց՝ աթոռը գոնե կհարգի․«Ալեքսեյ Մատվեևիչի հետ մի օր բախտ վիճակվեց իր հետ հաց ուտելու։ Մեկը դառավ, չեմ ուզում ասել ՝ որ վարչապետին, ինչ որ բան ասեց։ Ալեքսեյ Մատվեևիչը դառավ ու ասեց՝ դե, դե, իրեն չեք հարգում, աթոռը հարգեք։ Ես էդ սկզբունքը որդեգրել եմ իմ մեջ։ Աթոռը կհարգեմ, բայց պավիդենին՝ ոնց կպահեմ, ինչ ձևի կանեմ «Какой привет, такой ответ»։

Վստահեցրեց, թե վրեժխնդրություններ չեն լինելու, ներողամիտ մարդ է։

Իր շրջապատին արդյոք կուղղի, Ղուկասյանն ասաց՝ իմ շրջապատն ամենախելոքն է․«Ես իմ մոտիկների նկատմամբ խիստ եմ, նախ՝ իմ նկատմամբ եմ խիստ, հետո՝ իմ մոտիկների»։

Փաշինյանն այսօր անդրադարձել է ՔՊ-ի այսօրվա նիստի բոյկոտին, ու ասել՝ ՏԻՄ-կառավարություն հարաբերություններում կան կանոններ, որոնք պետք է պահպանվեն, դուք պահպանելո՞ւ եք այդ կանոնները, ինչպես եք աշխատելու Նիկոլ Փաշինյանի հետ, այս հարցին ի պատասխան Ղուկասյանն ասաց․«Տեղական ինքնակառավարումը՝ տեղում ինքնակառավարել։ Ինչ մնում է սուբորդինացիային, պահել, պահպանել ճշմարտությունը, ես կպահեմ, իր քաղաքական հայացքներին դեմ եմ, իր կատարած գործունեությանը 99%-ով դեմ եմ, բայց տեղական ինքնակառավարումն  այլ բան է ասում, իր հետ կապված՝ այլ բան»։

Վարդան Ղուկասյանին հիշեցրին, որ Խորհրդային տարիներին Կոմկուսը դեմ էր մասնավոր սեփականությանը, մեծահարուստներին կուլակաթափ էր անում, այս առնչությամբ տարաձայնություններ ունի՞ արդյոք։

«Ես դեմ եմ եղել, որ սեփականություն չպիտի լինի, միանշնակ դեմ եմ, որ երկիրը՝ ՀՀ-ն սեփականություն չունի։ Ես կողմնակից եմ չինական մոդելին։ Տա Աստված, որ գանք հասնենք էդտեղ, այդ ժամանակ ստրատեգիական նշանակության կառույցները, մեծ գումարները , որ  գալիս են որևէ բիզնեսից, չենք թողնելու, որ մի քանի բիզնեսմեն պետությունից հարուստ լինի»։

Իսկ դուք ինչպե՞ս  եք հարստացել, դուք էլ բիզնես ունեք, այս հարցին էլ այսպես պատասպանեց․«Ես նախ հոգեպես եմ հարուստ, երկրորդ հերթին՝ 64 տարեկան եմ, 12 տարեկանից աշխատել եմ, մինչև էսօր իմ գործարանների մնացորդները դաժե մնացել են, գուլպա-նասկեղենի արտադրամաս, տրիկոտաժ, հացի գործարան, ատրակցիոններ, ներկրում, արտահանում, ուրեմն ֆերմերություն,  88 թվականին 21 տարեկան էի, խանութի վարիչ եմ եղել, 200 գլուխ մայր անասուն եմ ունեցել, և այդպես․․․էն թվերից մինչև այսօր ես ունեմ հսկայական ֆերմա»։

Նախկինում քաղաքապետ աշխատելու ժամանակ էլ, ինչպես Ղուկասյանն ասաց՝ իր ունեցվածքը պակասել է։

Պատրաստ է արդյոք իր ունեցվածքից որևէ բան տալ պետությանը, այս հարցին էլ այսպես պատասխանեց․«Որպես ինչ տամ էս պետությանը, ասենք ինչի համար, որ հետո իրենց օլիգարխները սեփականաշնորհեն։ Ես պատրաստ եմ ինչ ունեմ, չունեմ ժողովրդին տամ»։

Կարինե Կազարովա

 

Նորություններ