Վարձատրության բարձրացման արդյունքում ունենք ուսուցիչներ, որոնք մինչև 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում․ԿԳՄՍ նախարար

Ազգային ժողովում այսօր շարունակվել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին, որը նախորդ տարի առաջին անգամ իրականացվել է էլեկտրոնային ձևաչափով:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը մեկնարկել է 2021 թվականին, որն առաջին տարում իրականացվել է փորձնական կարգով և հասանելի է եղել կոնկրետ առարկաների և կոնկրետ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար: 2023 թվականից կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել բոլոր ուսուցիչները: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ 2024 թվականին էլեկտրոնային եղանակով իրականացված ատեստավորման ընթացքում լուրջ տեխնիկական խնդիրներ չեն առաջացել․ քննական որոշ կենտրոններում համացանցի հասանելիության և տեխնիկական բնույթի այլ խնդիրներն անմիջապես կարգավորվել են:
«Էլեկտրոնային եղանակով կամավոր ատեստավորման՝ հաջողությամբ իրականացված գործընթացը ցույց տվեց, որ ուսուցիչների համար էլեկտրոնային տարբերակն ավելի դյուրին է: Նախկինում նրանք ստիպված էին լինում ժամանակ տրամադրել առաջադրանքների պատասխանները թղթային ձևաթղթում գրանցելու համար: Նշումներ կատարելու ժամանակ նաև տեխնիկական վիպակներ էին թույլ տալիս, ինչը ևս իր ազդեցությունն էր ունենում արդյունքի վրա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և ընդգծել՝ այժմ ուսուցիչները հնարավորություն ունեն տեղում պատասխանելու հարցերին և ավարտելուց անմիջապես հետո իմանալու արդյունքը: Նախարարը նաև նշել է, որ մինչև ատեստավորումն էլեկտրոնային ձևաչափով ուսուցիչներին տրամադրվել էր առաջադրանքների փորձնական տարբերակը, որպեսզի նախապես կարողանան ծանոթանալ համակարգին և փորձարկել այն:
Անդրադառնալով կամավոր ատեստավորման արդյունքներին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ուսուցչական համակազմի 20 %-ը կամավոր ատեստավորման արդյունքներով բարձրացված վարձատրություն է ստանում:
«Վարձատրության բարձրացման արդյունքում ունենք ուսուցիչներ, որոնք մինչև 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Ընդհանուր առմամբ՝ վարձատրության համակարգն էապես բարելավվել է: Այս տարի, կարծում եմ, կունենանք շատ ավելի մեծ մասնակցություն: Վստահ եմ՝ մեր բոլոր ուսուցիչները կկարողանան դառնալ այս համակարգի շահառու»,- եզրափակել է նախարարը: