Խաչատուր Սուքիասյանը հոգեբանական ահաբեկչության է ենթարկել 2023-ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան հերոսաբար դիմակայած արցախցիների հարազատներին․հայտարարություն

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա հայտարարության առնչությամբ։
Հիշեցնենք, որ Սուքիասյանը երեկ 24news-ի հետ հարցազրույցում լրագրողի դիտարկմանը, որ արցախցիները 2023-ի սեպտեմբերին մեծ թվով զոհեր են ունեցել, ասել է․«Էդ ձե՛զ ա թվում, բերեք ինձ․․․ սուտ եք խոսում․․․ զոհ չեն ունեցել Ղարաբաղում 23 թվականին։ 10 հոգի մարդ ա զոհվել, եթե բենզինի տրաքելուց ա, դա ուրիշ բան ա։ Զոհ չեն ունեցել։ Էդ սկզբի կռիվն ա եղել, որ մի քանի մարդ ա զոհվել»։
Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն, չե՞ն կռվել, Սուքիասյանը պատասխանել է․«Ո՞վ ա ասում, որ կռվել են։ Ո՞վ ասեց, որ կռվել են Որտե՞ղ են կռվել։ Էդ օրերը երկու օր ա տեւել»։
Արցախի տեղեկատվական շտաբն այս առնչությամբ արձագանքում է․«․․․ իշխանական պատգամավորը ոչ միայն սեփական թյուր կարծիքն է արտահայտել Արցախի ժողովրդի պայքարի վերաբերյալ, այլև արդարացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նախկինում արված հայտարարությունը, թե արցախցիները պետք է մնային և կռվեին: Այս հայտարարությամբ Սուքիասյանը հերթական հոգեբանական ահաբեկչությանն է ենթարկել 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան հերոսաբար դիմակայած զինծառայողներին և կամավորներին, զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների հարազատներին:
Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության, ներազգային պառակտման տարրեր:
Ստիպված ենք կրկին հիշեցնել, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի: Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին»։
Խաչատուր Սուքիասյանը երել ավելի ուշ հայտարարություն է տարածել, որով ներողություն է խնդրում, նշելով, թե սխալ թիվ է արտաբերել․«Իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։ Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև»: