Այն կետում չենք, որ հարյուր հազարավոր մարդիկ կողմ են լինելու Ալիևի հագով Սահմանադրություն կարելուն. ԱԺ պատգամավոր

Անկախության հռչակագիրը խնդիր է ոչ թե Հայաստանի քաղաքացու, այլ Թուրքիայի ու Ադրբեջանի համար,- REGIONS TV-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե նոր Սահմանադրության նախաբանում հռչակագրին հղում չպետք է լինի.
«Հռչակագիրը մեր ծննդյան վկայականն է, կա՞ մարդ, ում ծննդյան վկայականում գրված փաստական տվյալները իր համար խնդիր են առաջացրել, ոչ. ուղղակի Նիկոլ Փաշինյանը Ալիևի ծրագրերի ռեմբրենդինգ իրականացնողն է Հայաստանում, հայկական «ֆիլիալն» է, հիմա Ալիևի այս հերթական պահանջի կատարումը մի կերպ պետք է բացատրի, փաթեթավորի»,-նշեց Վարդանյանը:
Բանակցություն ու փոխզիջում չկա Երևան-Բաքու գործընթացում, պնդում է Վարդանյանը, կատարվում են զուտ ադրբեջանական կողմի պահանջները: Իշխանությունն ասում է՝ իրենք առաջարկում են, որոշողը ժողովուրդն է.
«Ես կարծում եմ՝ մենք դեռ այն կետում չենք, որ հարյուր հազարավոր մարդիկ կողմ են լինելու Ալիևի պահանջներին, այն կետում չենք, որ հարյուր հազարավոր մարդիկ կողմ են լինելու Ալիևի հագով Սահմանադրություն կարելուն, դրա համար, այո, որոշողը ժողովուրդը պիտի լինի»,-հայտարարեց պատգամավորը: