«Կորեք ստեղից, գործակալներ եք»․Արցախի ներկայացուցչության մոտ արցախցիների բողոքի ցույցի ժամանակ իրավիճակը լարվեց լրագրողների և ցուցարարների միջև

Մի խումբ արցախցիներ այսօր Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ցույց են անում։ Նրանք պահանջում են Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանին դուրս գալ ու պատասխանել հարցերին, մասնավորապես Արցախում, իրենց ձևակերպմամբ՝ թալանը վերադարձնելու ու կարիքավոր արցախցիներին օգնելու մասին։
Իրավիճակը մի պահ լարվեց, ժամանեցին ոստիկաններ ու կարմիր բերետավորներ։
Արցախցիները, որոնք բողոքի ցույցի կազմակերպիչներն են մի պահ վրդովվեցին և սկսեցին վիրավորել լրագրողներին, երբ վերջինները հարցեր էին տալիս։
«Կորեք ստեղից, ամոթ ձեզ, դեսանտ են ուղարկել, գործակալներ եք, կեղտ եք շպրտում»,-մի քանի լրատվամիջոցների մասին ասացին ցույցի մասնակիցները։
Թե ովքե՞ր են այդ թալանչիները, ցույցի նախաձեռնողներից արցախցի երիտասարդն ասաց․« Ով ստեղ շենք ունի, ով ստեղ խանութ ունի, ով ստեղ հյուրանոց ունի, ով ստեղ բազարներ ունի՝ թալանչի ա։ Ով քաղաքաշինության նախարարության վրա իր եղածը ծախել ու տեղափոխվել ա Հայաստանի Հանրապետություն,ինքը թալանչի ա։ Այ դրանց հետևից ենք եկել»։
Լրագրողի հարցին՝ իսկ Սամվել Բաբայանն ի՞նչ ունի Հայաստանում, ցույցի մասնակիցները պատասխանեցին․« Սամվել Բաբայանն ի՞նչ կապ ունի, որ իրա անունն եք տալիս։ Բա խի՞ չեք ասում, որ Սերժ Սարգսյանը 30 տարվա մեջ մի լինյա խրամատ չի սարքել, բա խի՞ չեք ասում Ռոբերտ Քոչարյանը․․․ձեզ ձեռք չի տալիս․․․Ձեր նմանների պատճաով է, որ հայաստանցիք մեզանից զզվում են»։
Իրավիճակը բավականին թեժացավ, արցախցի ցուցարարները հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին, ոստիկանները փորձեցին նրանց հանդարտեցնել։
«Մենք եկել ենք մեր հարցերի պատասխանների հետևից։ Մենք եկել ենք արցախցիներից թալանածը վերադարձնելու արցախցուն, վերջ»,-հայտարարեց ցուցարարներից մեկը։
Առաջարկվեց ցույցի մասնակիցներից կազմված խումբը ներս մտնի Արցախի ներկայացուցչության շենք, մյուսները դրսում սպասելու են։ Ցուցարարները պնդեցին, որ Շահրամանյանը դուրս գա, հանդիպի բոլորի հետ։ Ի վերջո տասը հոգանոց խումբ գնաց ներս՝ հանդիպման։
Ցույցի վայրում է նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Մանուկյանը։
Բողոքի ցույցը շարունակվում է, նրանք Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարներին հրավիրեցին ներկա լինել, կրկին պահանջեցին Սամվել Շահրամանյանին դուրս գալ ու պատասխանել հարցերին։
Նրանք սպասում են, որ Շահրամանյանը դուրս կգա։