Գյումրիում բացվեց Ֆաբ Լաբ թվային արտադրության լաբորատորիա՝ արվեստի և տեխնոլոգիայի խաչմերուկում | Region

Գյումրիում բացվեց Ֆաբ Լաբ թվային արտադրության լաբորատորիա՝ արվեստի և տեխնոլոգիայի խաչմերուկում

Ապրիլ 18,2025 18:49

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում այսօր տեղի ունեցավ Ֆաբ Լաբ թվային արտադրության լաբորատորիայի հանդիսավոր բացումը։ Լաբորատորիայի հիմքում ընկած է գաղափարը՝ ստեղծել միջավայր, որը կմիավորի արվեստն ու տեխնոլոգիան։

Աննա Գարգարյանը՝ ծրագրի Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցիչը, իր խոսքում նշեց. «Այսօր շատ կարևոր օր է, քանի որ նշում ենք Գյումրու Ֆաբ Լաբի բացումը։ Սա հատուկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս, որ թվային արտադրությունը և ստեղծարարությունը միմյանց հետ հանդիպեն։ Մենք հատուկ ընտրեցինք այս վայրը՝ Գյումրու Գեղարվեստի ակադեմիան, որովհետև ուզում էինք արվեստն ու տեխնոլոգիան իրար մոտեցնել»։

Այս նախաձեռնությունն իրականացվել ՀԲԸՄ Հայաստանի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության աջակցությամբ։

Բացման արարողությանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վասկեն Յակուբյանը, ԿԳՄՍ նախարարության, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆաբ Լաբ Հայաստանի աշխատակիցները։

Ըստ Աննա Գարգարյանի, Հայաստանում արվեստի և տեխնոլոգիաների ոլորտները բավական ուժեղ են, սակայն այդ երկու աշխարհների հանդիպումը քիչ է, և հենց այդ համագործակցության շնորհիվ հնարավոր է նոր որակի զարգացում։

Նա ընդգծեց նաև, որ լաբորատորիան գտնվում է այն տարածքում, որտեղ գործում են ոչ միայն գեղարվեստի ակադեմիան, այլև երաժշտական կոնսերվատորիան և թատերական ինստիտուտը․ սա հսկայական ներուժ է բազմաբնույթ ստեղծարար նախագծերի համար։

Խոսելով Ֆաբ Լաբ Գյումրու նպատակների մասին, Աննա Գարգարյանը նշեց, որ լաբորատորիան ոչ միայն արվեստի և տեխնոլոգիայի հանդիպման վայր է, այլև նոր ստեղծարար փորձարկումների հնարավորություն․ «Օրինակ, պատկերացնենք մի հատ բեմադրություն, որտեղ զգեստները ստեղծված են այդ լաբորատորիայում՝ նոր էլեկտրոնային գործիքների միջոցով, ինչպես նաև կարող ենք ստեղծել նոր երաժշտական գործիքներ»։

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը իր խոսքում նշեց, որ այս լաբորատորիայի բացումը նշանակալի իրադարձություն է ոչ միայն բուհի, այլև ողջ քաղաքի համար․«1997 թվականին, երբ Գյումրին դեռ աղետի գոտի էր, նաև ՀԲԸՄ-ի աջակցությամբ վերականգնվեց ՀՊԳԱ ԳՄ-ի շենքը, որն այսօր դարձել է արվեստի կարևոր կենտրոն։ Ֆաբ Լաբի բացմամբ մենք ընդլայնում ենք մեր գործունեության շրջանակները՝ միավորելով տեխնոլոգիան, կրթությունն ու արվեստը՝ նպաստելով և խթանելով Հայաստանի հյուսիսում տեքստիլ և թեթև արդյունաբերության զարգացմանը»։

Ֆաբ Լաբի գործունեության շրջանակում նախատեսվում են վերապատրաստման դասընթացներ ոչ միայն Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների ու դասախոսների համար, այլև համայնքի բոլոր ստեղծագործ անհատների՝ դառնալով համագործակցության և համատեղ ստեղծարարության բաց հարթակ, ինչը կնպաստի նորարարական կրթական մոտեցումների ինտեգրմանը ուսումնական գործընթացում։

Նախագծի շրջանակում ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում ստեղծվել են 7 լաբորատորիաներ՝ CNC փորագրության, մետաղագործության, գրաֆիկայի, կերամիկայի, 3D մոդելավորման և դիզայնի, ինովացիոն տեքստիլի ու այլընտրանքային տպագրության համար։

Սյուզաննա Խառատյան

Նորություններ