Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Հաջորդիվ վարչապետը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ բացվել է «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:
Ցուցադրության մեջ ներկայացված են շուրջ յոթ տասնյակ ականատեսի վավերագրություններ՝ հուշագրություններ, օրագրություններ, զեկուցագրեր, ֆոտո-դոկումենտալ նյութեր, ֆիլմեր և այլն: Ականատես-վավերագրողների աշխարհագրությունը ներառում է մի քանի տասնյակ պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Վենեսուելա, Շվեյցարիա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Վատիկան, Նիդերլանդներ, Չեխիա, Լեհաստան, Հնդկաստան, Պարսկաստան, Սիրիա և այլն: Այս մարդիկ ամենատարբեր հանգամանքների բերումով Օսմանյան կայսրությունում էին՝ ականատես դառնալով Հայոց ցեղասպանությանն ու վավերագրելով այն:
Ցուցադրությունում ներկայացված են նաև թուրք վավերագրողներ, որոնք իրենց հուշագրություններում, ժամանակի մամուլում, նաև դատական գործընթացներով փաստագրել են հայերի դեմ տեղի ունեցած հանցագործությունը:Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թ. ապրիլը: