«Մենք «մահվան զեբրա» ենք դրել էս անցումի անունը»․ բողոքի ակցիա Գյումրիում

Գյումրու Սայաթ-Նովա փողոցում, դրամատիկական թատրոնի դիմաց գտնվող հետիոտնային անցումի վրա հաճախակի են տեղի ունենում վրաերթի դեպքեր։ Հարևանությամբ գտնվող սպասարկման օբյեկտների աշխատակիցների խոսքով՝ այդ հատվածում 5 օրում վրաերթի 2 դեպք է գրանցվել։ Վերջինը տեղի է ունեցել ապրիլի 24-ին․ մարմնական վնասվածքներ են ստացել ծնողների հետ փողոցն անցնող 2 երեխաները։
«Գյումրու բժշկական կենտրոնի» մամուլի ծառայությունից REGIONS TV-ին հայտնեցին, որ ապրիլի 24-ին, ժամը 16։40-ի սահմաններում կենտրոնի Ավստրիական մանկական բաժանմունք են տեղափոխվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվածքներ ստացած երկու քաղաքացի։ Տուժածներն են՝ 2020 թ․-ին ծնված Գ. Խ.-ն, որի մոտ ախտորոշվել է ձախ անրակոսկրի փակ կոտրվածք, և 2007թ․-ին ծնված Ն.Խ.-ն, որի մոտ` ձախ ծնկահոդի քերծվածքներ։ Տուժածները ստացել են ամբուլատոր բուժօգնություն։
Ստացված տեղեկությունների համաձայն, երեխաներին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եղբայրն է։
Այսօր մի խումբ գյումրեցիներ տարածքում բողոքի ակցիա են անցկացրել, պահանջել են միջոցներ ձեռնարկել հետիոտնային այդ անցումով մարդկանց անվտանգ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ։ Մասնակիցների թվում են եղել անհատ ձեռներեցներ, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի աշխատակիցներ։ Ակցիայի մասնակիցները պատմել են նշված տարածքում տեղի ունեցած վրաերթերի դեպքերի մասին։ Ի դեպ, որոշ ժամանակ առաջ այս նույն տեղում վրաերթի է ենթարկվել նաև թատրոնի աշխատակիցներից մեկը։
Ակցիայի մասնակիցները 10 րոպեով փակել են Գյումրու Սայաթ-Նովա փողոցը, որը բացվել է պարեկների միջամտությունից հետո։
Տարածք են եկել նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնի պետը, պարեկային ծառայության ղեկավարները։ Նրանք հայտնեցին, որ ճանապարհային նշանների փոփոխության հարցով քաղաքացիները պետք է դիմեն Գյումրու քաղաքապետարան։