Արման Ծառուկյանը՝ Գյումրիում

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC-ի դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանն այցելել է Գյումրի եւ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել։ Նա հանդիպել է Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հետ։
«Այցելեցի Գյումրի (Լենինական)՝ Հայաստանի ամենահոգեշնչող և ինքնատիպ քաղաքներից մեկը։
Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին՝ ջերմ ընդունելության և հյուրասիրության համար։
Գյումրին մի քաղաք է, որտեղ պատմությունը, մշակույթը և ժողովրդի հյուրընկալությունը զգացվում են ամեն քայլափոխի։ Հին փողոցները, ճարտարապետությունը և յուրահատուկ մթնոլորտը իսկապես տպավորիչ էին։ Ուրախ եմ, որ եղա այստեղ»,- գրել է Արման Ծառուկյանը Ինստագրամում։