Ծանրամարտ․ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը նվաճեց իր առաջին մեդալը Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող 2025 թվականի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում։ Կանանց 55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը։
19-ամյա մարզուհին պոկում վարժությունում ցույց տվեց 88 կգ արդյունք՝ զբաղեցնելով հինգերորդ հորիզոնականը։ Հրում վարժությունում նա հանդես եկավ փայլուն՝ բարձրացնելով 116 կգ և նվաճելով փոքր ոսկե մեդալ։ Երկամարտում Ալեքսանդրան գրանցեց 204 կգ (88+116) արդյունք, որը նրան ապահովեց երրորդ տեղը և աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։
Նշենք, որ Գրիգորյանը երիտասարդների շրջանում գործող ռեկորդակիր է հրում վարժությունում՝ 120 կգ արդյունքով, որը սահմանել է անցած տարի։ Այս տարի մեջքի վնասվածքի պատճառով նա չկարողացավ կրկնել այդ ցուցանիշը, սակայն ցուցաբերեց մեծ կամք ու բնավորություն՝ ապահովելով պատվավոր արդյունք։
Տեսանելի է մրցակցությունն իտալուհի Չելին Դելիայի հետ։ Երեք շաբաթ առաջ Ալեքսանդրան մասնակցել էր մեծահասակների Եվրոպայի առաջնությանը և երկրորդ տեղն էր գրավել՝ 201 կգ արդյունքով, առաջ անցնելով հենց Դելիայից։ Սակայն Լիմայում իտալուհին այս անգամ կարողացավ բարձրացնել մեկ կիլոգրամով ավելի՝ 205 կգ, և զբաղեցրեց երկրորդ տեղը։
Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը ելույթ ունեցավ 67 կգ քաշային կարգում։ Նա պոկեց 125 կգ և հրեց 155 կգ։ Երկամարտի 280 կգ արդյունքով Հովհաննիսյանը զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։
Հավելենք, որ մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը, ժամը 03:30-ին, Հայաստանը կունենա մեկ մասնակից։ 81 կգ քաշային կարգում հարթակ դուրս կգա Նարեկ Մկրտչյանը։