Անվճար և մատչելի հետազոտություններ Գյումրու «ԱՌԴԱ» առողջապահական կենտրոնում

Գյումրու Մովսես Խորենացի 19 հասցեում արդեն 20 տարի գործում է «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոնը, որը Շիրակի մարզի սոցիալապես անապահով բնակիչներին բժշկական տարբեր ծառայություններ է մատուցել, հիմնականում անվճար հիմունքներով, կամ բավականին զեղչված գներով։
«ԱՌԴԱ»-ի բարեգործական ձեռնարկները հիմա էլ են շարունակվում։
Արդեն 5 տարի կանանց վերարտադրողական առողջության ծրագրի շրջանակներում 35-65 տարեկան կանանց համար «ԱՌԴԱ»-ում կազմակերպվում են մի շարք անվճար հետազոտություններ՝ գինեկոլոգիական, վահանաձև գեղձի, կրծքագեղձի, որովայնի օրգանների սոնոգրաֆիա, էնդոկրինոլոգի խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև վահանաձև գեղձի հորմոնների անալիզներ։
Անվճար են նաև 46 տարեկանից բարձր տղամարդկանց համար կազմակերպվող հետևյալ հետազոտությունները՝ ուրոլոգի խորհրդատվություն, սոնոգրաֆիա, PSA անալիզ։ «ԱՌԴԱ»-ում այլ բուժծառայություններ նույնպես տրամադրվում են, դարձյալ մատչելի գներով ու պայմաններով։ Փորձառու մասնագետների շնորհիվ «ԱՌԴԱ»-ն շարունակում է վայելել Շիրակի մարզի բնակիչների վստահությունը։