«Ծառին քամին ինչի՞ համար է պետք»․ Վարդան Ղուկասյան

Գյումրու ավագանու հերթական նիստից հետո քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դարձյալ խոսեց առաջիկա անելիքներից, նշեց, որ ոչ միայն պետության վրա են հույս դնելու, այլ կողքից, նաև իր կապերով է ներդրումներ բերելու Գյումրի։
Հայտարարեց՝ այն, ինչ գրել է իր նախընտրական ծրագրում, շատ քիչ է, ավելին է անելու։ Թե ինչ կադրային քաղաքականություն է տանելու, չմանրամասնեց։ Միայն նշեց, որ ազատման դիմում ներկայացնողներ եղել են։ Խոսեց միայն այն մասին, որ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար է նշանակելու «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանին։ Ի դեպ, նրա ղեկավարած քաղաքական ուժը մասնակցել էր ՏԻՄ ընտրություններին, անցողիկ 4 տոկոսի շեմը չէր հաղթահարել և Գյումրու ավագանիում ներկայացված չէ։ Կարեն Մալխասյանն առայժմ զբաղեցնում է քաղաքապետի օգնականի պաշտոնը։
Նշենք, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի երկարամյա պետ Մեխակ Ղազարյանը։ Նա 13 տարի զբաղեցրել է այդ պաշտոնը։ Մինչ այդ, Գյումրիում 1997 թվականին հիմնադրել է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվեղ բռնցքամարտի մարզադպրոցը, որը ղեկավարել է Վարդան Ղուկասյանի նախորդ պաշտոնավարման տարիներին։ Այսուհետ էլ Մեխակ Ղազարյանը ղեկավարելու է այդ մարզադպրոցը։
Վարդան Ղուկասյանը խոսեց նաև «Քաղաքացիական պայմանագրի» հետ հնարավոր համագործակցության մասին։ «Ծառին քամին ինչի՞ համար է պետք։ Որ ուժեղացնի իր արմատները, այսինքն ինչքան առողջ ընդդիմություն ունենանք, այնքան քաղաքն ավելի շատ կշահի»,-ասաց նա։