Ծանրամարտի պատանեկան և երիտասարդական ԱԱ․ Հարություն Հովհաննիսյանը՝ աշխարհի փոխչեմպիոն

Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում տղամարդկանց գերծանր և կանանց 81 կգ քաշայինների պայքարում իրենց ելույթներն ավարտեցին Հարություն Հովհաննիսյանը և Էմմա Պողոսյանը։
Գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ, 145 կգ և 150 կգ։ Այս ձևում մեր մարզիկն արժանացավ ոսկե մեդալի։ Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց 173 կգ։ Երկամարտի 323 կգ արդյունքով Հարություն Հովհաննիսյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն։
Կանանց 81 կգ քաշայինների պայքարում Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում կատարեց մեկ մոտեցում՝ բարձրացնելով 95 կգ։ Հաջորդ երկու մոտեցումներից Պողոսյանը հրաժարվեց՝ ծնկի ուժեղ ցավերի պատճառով։
Հրում վարժությունում Էմման բարձրացրեց 120 կգ և կրկին վնասվածքի պատճառով չկատարեց մյուս մոտեցումները։
Երկամարտի 215 կգ արդյունքով Էմմա Պողոսյանը երիտասարդների աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։