«Սա օրենքով չնախատեսված դեպք է»․ Գյումրու թիվ 31 ԸԸՀ նախագահը՝ «Մեր քաղաքը» խմբակցության ավագանու անդամի մանդատի վիճարկման մասին

Գյումրու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավելի քան 1 շաբաթ չի կարողանում լուծել Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության թափուր մանդատի հարցը:
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը Regions TV-ին տեղեկացրեց, որ սա օրենքով չնախատեսված դեպք է։
Բանն այն է, որ «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը ապրիլի 21-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Գյումրու քաղաքապետին։ Պատճառն այլ աշխատանքի անցնելն է։ Քաղաքապետը, օրենքի համաձայն, արձանագրություն է կազմել և ուղարկել թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Սակայն երկու օր անց, ապրիլի 23-ին Կարեն Բադալյանը նոր դիմում է ներկայացրել քաղաքապետարան, որով խնդրել է անտեսել իր նախորդ դիմումը, նշել, որ ցանկանում է շարունակել աշխատանքը որպես ավագանու անկախ անդամ, այսինքն մտադիր է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համայնքի ղեկավարից ստանալով հրաժարականի մասին արձանագրությունը, օրենքի համաձայն, սահմանված 7-օրյա ժամկետում պետք է արձանագրություն կազմեր և մանդատը դաշինքի հաջորդ անդամին փոխանցելու որոշում կայացներ, ինչը, սակայն, չի արել:
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը Regions TV-ին հայտնեց, որ իրենք Գյումրու քաղաքապետից արձանագրությունն արդեն ստացել էին, երբ Կարեն Բադալյանի լիազոր ներկայացուցիչը իրենց հայտնեց, որ գործին ընթացք չտան, քանի որ ավագանու անդամը փոշմանել է և նոր դիմում ներկայացրել քաղաքապետին։
Ըստ Ղազարյանի, իրենք էլ գործին ընթացք չեն տվել, որովհետև պետք է Գյումրու քաղաքապետը նորից պաշտոնական գրություն ուղարկի հանձնաժողով այն մասին, թե Կարեն Բադալյանի ո՞ր դիմումն է հիմք ընդունում։
«Մենք մանդատ տրամադրող կառույց ենք, իրավասություն չունենք ավագանու անդամի մանդատը վայր դնելն ընդունել։ Դա քաղաքապետի լիազորությունն է։ Ապրիլի 29-ին մենք խնդրել ենք Գյումրու քաղաքապետին՝ 1-օրյա ժամկետում արագ պատասխանել։ Բայց տեղեկացանք, որ քաղաքապետի գրությունը ընտրատարածքային հանձնաժողով ուղարկվել է փոստով, ինչը դեռ չենք ստացել»,- հայտնեց Տիգրան Ղազարյանը։
Գրությունը ուշանալու պատճառով թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի կարողանում նիստ գումարել, այն շարունակ հետաձգում է, մինչև գրությունը տեղ հասնի։
Ըստ նրա, այսօր ստացել են Գյումրու քաղաքապետարանից իրենց ուղարկված գրության պատճենը, որը բերել է «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու ցուցակի հաջորդ համարի ներկայացուցիչը։ Այս գրության մեջ, ըստ Ղազարյանի, քաղաքապետը նշում է, որ ուժի մեջ է առաջին արձանագրությունը։ Իսկ սա նշանակում է, որ քաղաքապետարանը հիմք է ընդունելու Կարեն Բադալյանի ավագանու անդամից հրաժարվելու մասին դիմումը։
Տիգրան Ղազարյանի խոսքով՝ հիմա իրենք փորձում են հասկանալ՝ գրության պատճենն արդյո՞ք իրավական ուժ ունի, որ այն հիմք ընդունեն։ Ու նաև, ինչքանո՞վ է օրինական այն, որ գրությունը հանձնաժողով ներկայացնում է խմբակցության ոչ թե լիազոր ներկայացուցիչը, այլ ավագանու ցուցակի թեկնածուն։
Խնդրով դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղից պատասխան են ակնկալում։ Ըստ Տիգրան Ղազարյանի, այսօր, ժ․18։00-ին նիստ կգումարեն ու կորոշեն թափուր մանդատի ճակատագիրը։
Իսկ մինչ այդ, Գյումրու ավագանու ընդդիմադիր թևի ներկայացուցիչները պնդում են, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ցանկանում է մանդատ գողանալ «Մեր քաղաքը» դաշինքից: Ի դեպ, մանդատի հարցը Կարեն Բադալյանն արդեն վիճարկում է դատարանում։
Հիշեցնենք, ՔՊ-ն Գյումրիի ավագանիում ունի 14 մանդատ, նրան չի բավարարում 3 մանդատ, որպեսզի կարողանա սեփական թեկնածուին քաղաքապետ ընտրել:
Կարինե Կազարովա