ՆԳՆ․ Գյումրու ոստիկանների կողմից Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու և նվաստացնելու մասին Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը

Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակումը, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ», չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին հայտնում է ՆԳՆ Ոստիկանության խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նա հերքում է Զարուհի Փոստանջյանի պնդումները, թե լրագրող Լիլիթ Աղեկյանին Գյումրիի ոստիկանները խոշտանգել են։ «Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակման հետ կապված, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ», հայտնում եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների ներկայությամբ, առանց տեսախցիկների անձնական խուզարկություն են կատարել։
Արդեն Ձերբակալվածների պահման վայրում՝ մինչ ձերբակալվածին պահման վայրում տեղավորելը ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ հրավիրվել է Շտապօգնության խումբ ձերբակալվածին բուժզննության ենթարկելու նպատակով։ Բժիշկը՝ առանց ոստիկանների ներկայության և առանց տեսախցիկների, բուժզննության է ենթարկել ձերբակալվածին, ինչից հետո նա տեղավորվել է ՁՊՎ-ում։
Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ, ինչպես նաև չհնչեցնել անհիմն մեղադրանքներ ոստիկանության ծառայողների հասցեին, որոնք կատարում են օրենքով իրենց վերապահված լիազորությունները»,-գրել է Նարել Սարգսյանը։