Մխչյանի դպրոցում, որտեղ բարձր դասարանի տղաները 4-րդ դասարանի 2 աշակերտի ստիպողաբար թմրանյութ են տվել, քննարկվել է տնօրենին հեռացնելու հարցը | Region

Մխչյանի դպրոցում, որտեղ բարձր դասարանի տղաները 4-րդ դասարանի 2 աշակերտի ստիպողաբար թմրանյութ են տվել, քննարկվել է տնօրենին հեռացնելու հարցը

Մայիս 16,2025 15:11

Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետը Մարտուն Մանուկյանը այցելել է Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոց՝ տեղի ունեցած արտառոց դեպքի հետքերով։

Մանուկյանը լրագրողներին հայտնել է, որ հանդիպել է դպրոցի աշակերտների ծնողների հետ, այդ թվում՝ տուժող երեխաների ծնողներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է դպրոցի տնօրենին հեռացնելու հարցը: Դեռ հստակ որոշում չկա, հաջորդ շաբաթ պարզ կդառնա:

Ծնողները պնդում են, որ տնօրենին հեռացնելու կարիք չկա, այդուհանդերձ, տնօրենը հավանաբար կհեռացվի աշխատանքից։

Մարզպետարանի կրթության վարչության պետը վստահեցրել է, որ  մինչև տարեվերջ ամեն օր այս դպրոցում կլինի, աշխատանքային օրն այստեղ կանցկացնի։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ օրեր առաջ դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ։ Ըստ տեղեկությունների՝ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Այս դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ):

4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով:

2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիրակչական հսկողություն և վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում։

Նորություններ