Սերգեյ Լավրովը վաղը կլինի Երևանում․ օրակարգում են մի շարք հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ն աշխատանքային այցով գտնվելու է Հայաստանում։
Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳ նախարարությունը։
Նշվում է, որ այցի շրջանակներում Սերգեյ Լավրովը կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, նախատեսված են հանդիպումներ նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
«Շփումները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 8-ին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մշակման, ինչպես նաև Արարատ Միրզոյանի՝ հունվարի 21-ին Մոսկվա այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման օրակարգում ներառված են երկկողմ համագործակցության լայն շրջանակի հարցեր, եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությունը, ինչպես նաև միջազգային հարթակներում, հիմնականում՝ ՄԱԿ-ում, դիրքորոշումների համաձայնեցումը։ Բացի այդ, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հեռանկարների վերաբերյալ։
Նախատեսվում է 2025-2026 թվականների միջգերատեսչական խորհրդակցությունների պլանի ստորագրում։
Սերգեյ Լավրովը ելույթ կունենա Հայ-ռուսական համալսարանում Ռուսաստանի համալսարանների մասնաճյուղերի դասախոսների և ուսանողների, ինչպես նաև փորձագիտական հանրության առջև, ինչպես նաև կհանդիպի հայրենակիցների հետ Ռուսական տանը։
Ծաղիկներ կտեղադրվեն Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ և ծաղկեպսակ կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։
«Մոսկվան հույս ունի, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնմանը»,-նշված է հաղորդագրությունում։