««Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ այն չի իրականացվել, վերադարձի հարցը կարևոր պայման է տարածաշրջանում խաղաղության համար»․Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անկարայում միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին ուղերձով է դիմել՝ անդրադառնալով այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցին։ Նրա ուղերձը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
««Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի իրականացվել»,-հայտարարել է Ալիևը։
Նա Հայաստանի Հանրապետության ինքիշխան տարածքը կրկին համարել է «Արևմտյան Ադրբեջան», նշել է, իբ թե «1918-1921, 1948-1953 և 1987-1991 թվականներին Արևմտյան Ադրբեջանում՝ Հայաստանի տարածքում, իրականացվել է համակարգված և լիակատար էթնիկ զտում, որի արդյունքում Հայաստանում չի մնացել ոչ մի ադրբեջանցի։ Այս էթնիկ զտումները ոչ միայն հսկայական մարդասիրական ողբերգություն էին, այլև ծառայում էին նենգ աշխարհաքաղաքական նպատակի՝ խզել Ադրբեջանի ցամաքային կապը նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի հետ՝ 1920 թվականին Արևմտյան Զանգեզուրը փոխանցելով Հայաստանին»։
Ալիևը նաև ասել է, իբր թե Հայաստանը ոչնչացրել է ««Արևմտյան Ադրբեջանի» ադրբեջանցիների հարուստ մշակութային ժառանգությունը՝ մեր ժողովրդի հետքերը ջնջելու և տարածաշրջանի պատմությունը վերաշարադրելու համար»։
««Արևմտյան ադրբեջանցիների» իրենց նախնիների հողեր անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի ապահովումը կարևոր պայման է տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության համար»,-հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ « հայ հասարակության մեջ թյուրքական ժողովուրդների նկատմամբ խոր արմատներ ունեցող ատելությունը, «Մեծ Հայաստանի» երազանքը, երկրի Սահմանադրության մեջ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, ինչպես նաև արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոչընդոտումը խոչընդոտ է խաղաղությանը»։
Ըստ Ալիևի՝ «արևմտյան ադրբեջանցիների» վերադառնալու ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, և Երևանը պետք է դադարեցնի այդ ցանկությունը այս լույսի ներքո ներկայացնելու փորձերը։
«Հայաստանը պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը այն մասին, թե երբ և ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց նախնիների հողեր»,-ասել է Ալիևը։
Նա նշել է՝ Ադրբեջանն ակնկալում է, որ ՀՀ ղեկավարությունը կընդունի համայնքի ներկայացուցիչներին՝ այս հարցը քննարկելու համար. «Մինչև վերադարձը չիրականացվի, այս հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից»։