«Ես Բալասանյան Սամվելին չեմ հարգում, բայց «Սև բերդը», էդ ավերածությունը ինքը սարքել է»․ Վարդան Ղուկասյան | Region

«Ես Բալասանյան Սամվելին չեմ հարգում, բայց «Սև բերդը», էդ ավերածությունը ինքը սարքել է»․ Վարդան Ղուկասյան

Մայիս 23,2025 18:28

«Անփույթ աշխատանքը, որ արվել է նախկին տարիներին, հողի վարձակալության 600-ից ավելի պայմանագրեր, որոնց ժամկետներն անցել  են, բայց 300-ը դեռ մնացել է։ Մոտ 100 մլն դրամ օդի մեջը կախված է»,- հայտարարեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ ունեցած հարցազրույցի ժամանակ։ Նրա խոսքով՝ հատուկ մարդկանց են ընդգրկել, որպեսզի կուտակված  հսկայական փաստաթղթերին ընթացք տան։ Խոսքը հիմնականում հողատարածքները վարձակալությամբ տրամադրելու մասին է։

«Ես ասում էի, որ Գյումրու քաղաքապետի որոշումները 3 տեղ էին պտտվում, ցավոք սրտի, հիմա 12 տեղ են պտտվում, ինձանից հետո ավելի են ավելացրել։ Մինչև իրենք թղթաբանությունը չթեթևացնեն, խնդիրը չի լուծվի։ Քաղաքի գլխավոր հատակագիծը կա՝ մասնագետների հաստատած, հիմա նորից պիտի նախարարությունները հաստատեն, սա աբսուրդ է։ Սա անհասկանալի, հակասահմանադրական որոշում է։ Օրենքը մեզ թույլ չի տալիս աշխատել»,- նշեց Վարդան Ղուկասյանը՝ ավելացնելով․ «Ամենախիստ պայմանները Գյումրու նկատմամբ են արված, ասեմ Ձեզ, մնացած քաղաքներում էդպես չի։ Դա ես եկել, տեսել եմ էդպես։ 2009 թ․-ից հետո է եղել էդպես։ Վարչապետին և ԱԺ  խմբակցություններին ենք դիմել, որ հանդիպում կազմակերպենք»։

Ըստ Վարդան Ղուկասյանի, օտարված կամ վաճառքի հանձնված մի քանի տարածք համայնքին է վերադարձվելու։ Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք դրանց թվում չի լինի նաև «Սև Բերդ» ամրոցը, Վարդան Ղուկասյանը նշեց․ «Ես Բալասանյան Սամվելին չեմ հարգում, բայց «Սև Բերդը» ինքը սարքել է, ինչը որ ճիշտ է, ճիշտ է, էդ ավերածությունը ինքը սարքել է։ Ես իրեն չեմ ընդունում,  չեմ հարգում, բայց  նմանատիպ կառույց, որ կառուցել է, հանրապետությունում չկա»։

Ըստ Վարդան Ղուկասյանի, հաջորդ ամիս ավագանու նիստից հետո 20-30 տոկոս բարձրանալու են համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների աշխատակիցների աշխատավարձերը։  Միջոցները, ըստ նրա, հայթայթելու է հողի հարկի, տեղական տուրքերի վճարներից։ Վարդան Ղուկասյանն անդրադարձավ  նաև իր նախկին մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանի ձերբակալությանը։ Նշեց, թեև Լիլիթ Աղեկյանն իր մտերիմին դատի է տվել, բայց ինքը դատապարտում է նրա նկատմամբ ոստիկանության պահվածքը։

 

Նորություններ