Շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների հիմնական արձակուրդի ժամկետներն ավելացվում են

Ավելացվում են պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները։ Այսօր կառավարությունը հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին։
Համաձայն նախագծի՝ շարքայինների 10, իսկ սերժանտական կազմի՝ 15 օրացուցային օր ժամկետով հիմնական արձակուրդը փոխարինվում է ընդհանուր 21, իսկ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում (մարտական հերթապահություն իրականացնող) ծառայություն անցնողների համար՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով արձակուրդով, որը տրվելու է ծառայության ընթացքում հավասար երեք մասերով):
Պարտադիր զինծառայողների համար 2 օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ է սահմանվում զինվորական երդում ընդունելու կապակցությամբ:
Արձակուրդի տրման կարգը սահմանվում է պաշտպանության նախարարի հրամանով: