Հաշմանդամություն ունեցող անձինք լոլիկ են աճեցնում, գյուղատնտեսական հմտություններ ձեռք բերում․ Գյումրիում բացվել է «Էմիլի Արեգակի»-ի կանաչ կենտրոնը

Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների Գյումրու «Էմիլի Արեգակ» կենտրոնում արդեն մի քանի ամիս է գործում է ջերմոց, որտեղ իրենց ձեռքով լոլիկ ու այլ մշակաբույսեր են աճեցնում հաշմանդամություն ունեցող անձինք։ Ջերմոցի բացման հանդիսավոր արարողությունն այսօր էր, որին մասնակցեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական։
Ջերմոցը հիմնադրվել է Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագրի և «Կարիտաս-Արեգակ» հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Դեսպանատան ներդրումը կազմել է 66 հազար դոլար, իսկ հիմնադրամինը՝ 20 հազար դոլար։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագրերի խորհրդատու Արգիշտի Զուրաբյանը։
Նրա ներկայացմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձինք, նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցները, առանց տարիքային սահմանափակումների, հնարավորություն կունենան այստեղ կրթվել, գյուղատնտեսությամբ զբաղվելու փորձ ձեռք բերել, իսկ հետագայում այդ փորձը կամ տեղում կիրառել կամ՝ աշխատաշուկայում՝ լինելով ոլորտի զարգացած և հմուտ մասնագետներ։
«Կանաչ գյուղատնտեսություն» անունը ստացած կենտրոնը նաև ներառական է համարվում։ Ըստ «Կարիտաս-Արեգակ» հիմնադրամի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանի՝ գյուղատնտեսությունն ու ներառականությունը «Կարիտաս-Արեգակի» հերթական նախաձեռնություններից են, բայց ոչ վերջինը։
«2015 թվականին «Հայկական Կարիտասի» միջոցով հիմնեցինք մեր վերականգնողական կենտրոնը, որտեղ սոցիալական, վերականգնողական ծառայություններ ենք մատուցում հաշմանդամություն ունեցող երեխաներին ու երիտասարդներին։ Շուտով նշելու ենք մեր հիմնադրման 10 ամյակը։ Մենք ամսական շուրջ 200-250 երեխաների հետ ենք աշխատում»,-իր ելույթում նշեց Տիգրանուհի Հակոբյանը և ավելացրեց․«Քանի որ երեխաները մեծանում են, երիտասարդներ են դառնում, պիտի այլ նախաձեռնություններ էլ անեինք։ Դրանցից մեկը 2018 թվականին հիմնված «Արեգակ» փուռ սրճարանն է, որով ցույց տվեցինք սոցիալական ձեռներեցության կարևորությունը։ Այդ սրճարանում աշխատում են հաշմանդամություն ունեցող երեխաներն ու երիտասարդները։ Հետո, մենք մտածում էինք, որ պետք է դառնանք ինքնաբավ և փորձենք մեր ներուժը գյուղատնտեսության ոլորտում։ Սկսեցինք փոքր ծրագրեր իրականացնել, հողի հետ աշխատել։ Ու տարիներ անց ծնվեց ջերմատուն ունենալու գաղափարը»։
Առանց դասընթացների հնարավոր չէր հմտություններ ձեռք բերել, այդ իսկ պատճառով, ըստ Տիգրանուհի Հակոբյանի, կազմակերպեցին դրանք հաշմանդամություն ունեցող իրենց շահառուների և նրանց ծնողների համար։
«Այս կենտրոնը կառուցված է այն համոզմունքի վրա, որ յուրաքանչյուր մարդ արժանի է հավասար հնարավորությունների։ Շեշտադրել ենք նաև կանանց ներգրավվումը գյուղատնտեսության մեջ, նաև այլ երիտասարդների ենք հրավիրել տարբեր կենտրոններից, քանի որ այստեղ ներառական միջավայր է։ Համագործակցում ենք ագրարային քոլեջի և այլ կենտրոնների հետ, որտեղի երիտասարդներին ուղղորդում ենք այս կենտրոն և խոսում ենք բնապահպանությունից, գյուղատնտեսությունից։ Շուրջ 100 դպրոցական է այցելել մեր կենտրոն։ Շարունակում ենք դպրոցներից հրավիրել երեխաներին, որպեսզի շփվեն բնության հետ և, ամենակարևորը, ծանոթանան ներառական միջավայրին, «Էմիլի Արեգակի» առաքելությանը»,-ասաց տնօրենը։
Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ այս ծրագիրը ներկայացնեն նաև գործատուներին, որպեսզի նրանք տեսնեն, որ հաշմանդամություն ունեցող երեխաներն էլ ունեն հմտություններ, սովորել են, վերապատրաստված են և ունեն բավարար գիտելիքներ նմանատիպ նախաձեռնություններում ընդգրկվելու համար։
«Նրանք գրանցված աշխատողներներ են, շուտով կտեսնեք, թե ինչ ենք վաճառելու և շուկա արտահանելու»,-նշեց Տիգրանուհի Հակոբյանը։
«Ամեն անգամ, երբ այցելում եմ Շիրակի մարզ, հուզվում եմ տեղի ժողովրդի անցած ճանապարհից և նրանցից ստացած ջերմությունից։ Չնայած բազմաթիվ մարտահրավերներին, միշտ կա համայնքի ուժեղ զգացում և ավելի լավը ստեղծելու ցանկություն։ Այսօր այստեղ ներկա են ոգին և նվիրվածությունը»,- իր խոսքում ասաց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական։
Այս նախագիծը, ինչպես նշեց դեսպանը, շատ ավելին է, քան նոր կառույցի ստեղծումը, այն ինքնազարգացման և կարողությունների հզորացման հիանալի մոդել է․«Այն հատուկ կարիքներ ունեցող մարդկանց հնարավորություն է տալիս սովորել նոր հմտություններ, ձեռք բերել անկախություն և իմաստալից կերպով ներդրումներ ունենալ հասարակության մեջ»։
Ներկաների խոսքով, այս ջերմոցը ոչ միայն ուսումնական տարածք է, այլ ինքնադրսևորման և արժանապատիվ աշխատանքի խորհրդանիշ։ «Էմիլի Արեգակ»-ում կշարունակեն առաջնորդվել այդ արժեքներով։
Կարինե Կազարովա