«Գորիսում հյուպատոսարան ունենալը Ֆրանսիայի համար կարևոր իրադարձություն է»․բացվեց ՀՀ-ում Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը | Region

«Գորիսում հյուպատոսարան ունենալը Ֆրանսիայի համար կարևոր իրադարձություն է»․բացվեց ՀՀ-ում Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը

Հունիս 02,2025 13:58

Այսօր Սյունիքի մարզի Գորիս քաղաքում Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովից հետո՝ քաղաքի կենտրոնական հատվածում, քաղաքապետարանին կից շենքում բացվեց Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը:

«Կարծում եմ չեք վիճի, եթե ասեմ, որ Գորիսը Հայաստանի ամենաֆրանկոֆոն քաղաքն է: Այս ամենը մեր հարաբերությունների տրամաբանական զարգացումն է, որի համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարություններին, երկու երկրների դեսպաններին, և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն  ունեն»,-բացման արարողության ժամանակ իր ելույթում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինն էլ իր խոսքում նշեց, որ Գորիսը Ֆրանսիայի համար շատ առանձնահատուկ քաղաք է, Հայաստանի այն քաղաքը, որն այսօր Ֆրանսիայի հետ ամենաամուր կապերն ունի, ու այստեղ հյուպատոսարան ունենալը Ֆրանսիայի համար կարևոր իրադարձություն է.«Սա մեզ համար ավելին է, քան հյուպատոսական գրասենյակը, որովհետև պատվո հյուպատոսությունում լինում են գործողություններ: Ֆրանսիայում և Գորիսում մարդիկ, համայնքները, պետությունն ու պետական գործակալությունները գործում են ձեռք ձեռքի տված: Ու այս գործունեության բոլոր տեսակների համար Գորիսը մշտապես եղել է խաչմերուկ ու մի բաբախող սիրտ: Սա լինելու է մի վայր, ուր գալու են տարբեր նպատակներով այստեղ այցելող ֆրանսիացիները՝ ովքեր գալիս են տեսնելու Հայաստանը, ովքեր գալիս են օգնելու Հայաստանին, և ովքեր գալիս են գործելու Հայաստանում: Կե´ցցե Գորիսը, կեցցե՛ Սյունիքը, և կեցցե՛ հայ-ֆրանսիական բարեկամությունը»եզրչափակեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:

Հավելենք, որ այս գրասենյակը հիմնականում ունենալու է հումանիտար և մշակութային նշանակություն: Այն չի կարող կատարել քաղաքական գործառույթներ և չունի անձեռնմխելիություն, սակայն որոշ դեպքերում մատուցելու է հյուպատոսական ծառայություններ: ՀՀ-ում Ֆրանսիայի առաջին պատվո հյուպատոս է նշանակվել ազգությամբ հայ Կարմեն Ապունցը:

Նիկոլ Մարգարյան

 

 

Նորություններ