«Ռոսսելխոզնադզորը» ՀՀ-ից բուսական արտադրանքի ներմուծման խախտումների աճ է արձանագրել, հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակվում է ՀՀ-ից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը

«Ռոսսելխոզնադզոր»-ը Հայաստանից բուսական արտադրանքի ներմուծման խախտումների աճ է արձանագրել: ՌԴ այս կառույցի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ նշված է, որ «կտրված ծաղիկներն ու բողբոջները դասակարգվում են որպես բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային արտադրանք: Կարանտինային վնասատուների ներթափանցումը, տարածումը և ակլիմատիզացիան կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի տարածքի բուսասանիտարական բարեկեցության համար, այդ թվում՝ զարգացող ներքին ծաղկաբուծության համար»։
Կառույցը նշել է, որ 2025 թվականին Հայաստանից կտրված ծաղիկների ներմուծման կտրուկ աճ է գրանցվել:
«Այյս տարվա սկզբից ի վեր ստուգվել է 52 միլիոն հատ, ինչը 49.7%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում, երբ ներմուծվել էր 34.7 միլիոն հատ»,-հայտնել է կառույցը։
Բացի այդ, նշվում է, որ «բեռնափոխադրումների աճի ֆոնին գրանցվել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճ»:
Ռոսսելխոզնադզորի տարածքային բաժինների կողմից իրականացված կարանտինային բուսասանիտարական վերահսկողության արդյունքների համաձայն, ըստ հաղորդագրության, հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիպսներով (Frankliniella occidentalis Pergande) ծաղիկների վարակի 13 դեպք։ Բազմիցս գրանցվել են կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքեր այլ տեսակի բուսական արտադրանքներում, ինչը վկայում է Հայաստանի կողմից արտահանվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության անարդյունավետ համակարգի մասին։
«Հաշվի առնելով կարանտինային օբյեկտների հայտնաբերման համակարգված փաստերը՝ Ռոսսելխոզնադզորը լուրջ մտահոգություն է հայտնում։ Ռուսաստանում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու համար նամակ է ուղարկվել Հայաստանի սննդի անվտանգության տեսչությանը՝ խնդրելով ձեռնարկել համապարփակ միջոցառումներ և ուժեղացնել մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը։
Անհրաժեշտ արձագանքման միջոցառումների բացակայության և կարանտինային օբյեկտների հայտնաբերման շարունակականության դեպքում՝ Ռոսսելխոզնադզորը ստիպված կլինի 2025 թվականի հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Ռուսաստան ծաղկային արտադրանքի ներմուծման վրա, որոնք կցվում են երրորդ երկրներից ստացված հայկական բուսասանիտարական վկայականներին»։