Լիլիթ Աղեկյանն ազատ կարձակվի. կալանքի միջնորդությունը մերժվեց | Region

Լիլիթ Աղեկյանն ազատ կարձակվի. կալանքի միջնորդությունը մերժվեց

Հունիս 03,2025 23:07

Հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված 1-ամսյա կալանքի ժամկետը լրանում է հունիսի 9-ին։ Մինչ այդ, ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որը վերաբերում էր Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգմանը։ Միջնորդությունը մակագրվել է այն նույն դատավորին, որն ավելի վաղ Լիլիթ Աղեկյանին կալանավորելու որոշում էր կայացրել, ինչպես նաև որևէ կերպ չէր արձագանքել բերման ենթարկելիս լրագրողի նկատմամբ կատարված խոշտանգումներին և նրա ձերբակալությանը։

Դատարանի Գյումրու նստավայրում այսօր կայացավ Լիլիթ Աղեկյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը։ Այն դարձյալ դռնփակ էր, դատավարության կողմերից բացի, մյուսների մուտքը դատարանի դահլիճ արգելվեց։

Հիշեցնենք, որ առաջին դատական նիստի ընթացքում դատարան էր հրավիրվել հանրային պաշտպան, ում պաշտպանությունից Լիլիթ Աղեկյանը հրաժարվել էր՝ պահանջելով իր պաշտպան Զարուհի Փոստանջյանի ներկայությունը։ Դատարանը մերժել էր Աղեկյանի պահանջը։

Այսօր նոր հանրային պաշտպան էր ներկայացել, որի պաշտպանությունից Լիլիթ Աղեկյանը դարձյալ հրաժարվեց։

Դատարան էր եկել նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նա գրավոր երաշխավորագիր ներկայացրեց դատարանին Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կալանքի այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Մինչ այդ, նման երաշխավորագրեր ներկայացրել էին նաև ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության մի խումբ կին պատգամավորներ։ Բայց այս երաշխավորագրերին ընթացք չի տրվել։

25 օր Լիլիթ Աղեկյանը գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, ըստ  իրավաբան Զարուհի Փոստանջյանի, այս ընթացքում նրա առողջական վիճակը վատացել է, զարկերակային ճնշումը նորից բարձրացել է, ինչը, ըստ Փոստանջյանի, հնարավոր է գլխին ստացած հարվածի հետևանք լինի։ Փոստանջյանը ենթադրում է, որ այդ  հարվածը Աղեկյանը կարող է ստացած լինել այն ժամանակ, երբ նրան քաշքշելով բերման էին ենթարկում։

Լիլիթ Աղեկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և 489-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

Ավելի քան 4 ժամ ու կես տևած դատավարությունից հետո լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կալանքը երկարաձգելու միջնորդությունը մերժվեց։ Շուտով Աղեկյանը ազատ կարձակվի։ Այս մասին հայտնեց իրավաբան Զարուհի Փոստանջյանը։

 

Կարինե Կազարովա

Նորություններ