Սահմանային կրակոցները զինծառայողների ու բնակիչների վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով է․Էդվարդ Ասրյան

«Սահմանային իրադրությունը իմ գնահատմամբ հարաբերական կայուն է։ Ճիշտ է կրակոցներ հնչում են, բայց դրանք նպատակային չեն։ Այն կրակոցները, որոնք կոնկրետ թիրախավորում են, դրանց մասին մեր գերատեսչության պաշտոնական լրահոսը տեղեկատվությոն տալիս է»,-այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրուցում հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Հակառակորդի կրակոցների նպատակը, ԳՇ պետի գնահատականով, մեր զինծառայողների, ինչպես նաև սահմանային բնակիչների վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար է․«Բայց, փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում»։
Հարցին՝ կողմ է արդյոք որոշակի գումար վճարելու դիմաց զինծառայության ժամկետը կրճատելու մասին նախագծի ընդունմանը, Ասրյանը պատասխանեց․«Կառավարության նիստում օրինագծի քննարկման ժամանակ ներկա է գտնվել պաշտպանության նախարարը, և իր կողմից ներկայացված տեսակետը միայն պաշտպանության նախարարի տեսակետը չէ, դա ամբողջ գերատեսչության ղեկավարության տեսակետն է։ Առաջիկայում հանձնաժոովի կազմով օրինագծի մասով կլինի քննարկում, և մենք կներկայացնենք մեր տեսակետը»։
Անդրադարձ եղավ նաև բանակում առկա հնարավոր կոռուպցիային։ Այս մասով էլ Ասրյանը նշեց, որ լինում են դեպքեր, երբ փորձում են անօրինական ճանապարհով խուսափել զինծառայությունից, բայց ՊՆ-ն այդ երևույթն արմատախիլ անելու համար անում է բոլոր քայլերը ձեռնարկում է․«Մենք, որպես զինված ուժերի ղեկավարներ, շահագրգռված ենք, որ բանակը համալրվի առողջ, բանիմաց ու կրթված զինծառայողներով, իսկ գլխավոր շտաբի պարտքն է նրանց ուսուցանել, շարունակել կրթել, ու պտրաստել նրանց մարտական խնդիրների կատարմանը»։
Նիկոլ Մարգարյան