Մոլորված երեխաների ծնողներն առավոտյան նկատել են, որ ձիերն ու տղաները չկան, հետո կայքերից են իմացել, որ տղաները հայտնվել են ադրբեջանական կողմում․Արգամ Հովսեփյան

Երեկ գիշեր Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Արավուս բնակավայրում մոլորված ու ադրբեջանցիների կողմից գերեվարված 2 անչափահասները ձիուն են փնտրել ։ Այս մասին Regions TV-ին հայտնեց Տեղ խոշորացված համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի բնակիչ Արգամ Հովսեփյանը։ Նրա խոսքով՝ հավանաբար ձին հատել է սահմանը, տղաները, գիշերը, մթության մեջ, տեղանքում չկողմնորոշվելով, մոլորվել են ու հայտնվել սահմանից այն կողմ։ Երիտասարդները ձիերով են եղել։ Ըստ ավագանու անդամի, Արավուս գյուղի այս հատվածը շատ մոտ է ադրբեջանական դիրքերին։ Այն գյուղի անասունների ամենօրյա արածեցման վայրն է։
Այսօր ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում:
Արգամ Հովսեփյանն ասաց, որ երեխաների ծնողներն առավոտյան գնացել են անասնագոմեր, ու երբ տեսել են, որ ձիերը չկան, տղաները չկան, հասկացել են, որ ինչ որ բան այն չի․«Հետո էլ լրատվամիջոցները երեխաների մոլորվելու մասին լուրը հրապարակել են, այդպես են ծնողներն իմացել»։
Գերեվարված տղաները ընկերներ են, անասնապահությամբ են զբաղվել։ 17 ամյա Անդրեյ Արմենի Գյագունցը Գորիսի պետական քոլեջում է սովորում, իսկ 18- ամյա Կարեն Արմենի Ջհանգիրյանը, Տեղ գյուղի դպրոցի այս ուսումնական տարվա շրջանավարտ։ Կարեն Ջհանգիրյանը Արավուսի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Թեհմինե Մկրտչյանի ամուսնու եղբոր որդին է։
Կարենը ընտանիքի ավագ երեխան է, ունի մեկ քույր և եղբայր, իսկ Անդրեյը՝ կրտսերը։ Նա նույնպես քույր ու եղբայր ունի։
Արգամ Հովսեփյանի խոսքով՝ Արավուսի արոտավայրերը շատ քիչ են, գյուղացիները ստիպված են այդ փոքր տարածքում անասուններն արածեցնել։
Հիշեցնենք, 2020 թվականից հետո Տեղ խոշորացված համայնքի բնակավայրերից ավելի քան 100 հա հողատարածք, հիմնականում արոտավայրերը, անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Դրանք գյուղացիների սեփականաշնորհած տարածքներն են։ Մարդիկ երկար ժամանակ է, փոխհատուցման են սպասում, բայց կառավարությունը նրանց դիմումներին ընթացք չի տալիս։
Կարինե Կազարովա
Նորություններ


