Միջազգային արձագանքը Իրանի վրա իսրայելական հարձակումներին

Աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ արձագանքում են Իրանի վրա իսրայելական հարվածներին։
Reuters-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթամերը հայտարարել է, որ Իրանի վրա հարվածների մասին հաղորդումները մտահոգիչ են։ Նա կողմերին կոչ է արել անհապաղ նվազեցնել լարվածությունը:
Սթամերը նշել է, որ տարածաշրջանում լարվածության սրացումը ոչ ոքի շահերից չի բխում․«Մերձավոր Արևելքում կայունությունը պետք է լինի առաջնահերթություն, և մենք համագործակցում ենք գործընկերների հետ՝ լարվածությունը նվազեցնելու համար։ Այժմ զսպվածության, հանդարտության և դիվանագիտության վերադարձի ժամանակն է»։
«Սխալ հաշվարկի վտանգը մեծ է։ Մերձավոր Արևելքում սա շատ անցանկալի զարգացում է։ Այդ տարածաշրջանին այլևս ռազմական գործողություններ պետք չեն՝ ոչ էլ դրանց առաջացրած ռիսկերը»,-հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Քրիստոֆեր Լաքսը։
Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգը նշել է, որ «Ավստրալիան խորապես անհանգստացած է Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրացումով»։
Նա ևս կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը. «Դա վտանգում է տարածաշրջանի կայունությունը, որը նախապես էլ անկայուն է։ Բոլորս էլ գիտակցում ենք Իրանի միջուկային ու բալիստիկ հրթիռային ծրագրի սպառնալիքը միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, և կողմերին հորդորում ենք առաջնահերթություն տալ երկխոսությանն ու դիվանագիտությանը»։
Ճապոնիայի ԱԳ նախարար Տակեշի Իվայան իր հայտարարությունում ընդգծել է, որ ԱՄՆ-Իրան գործադրվող դիվանագիտական ջանքերի պայմաններում՝ ուղղված Իրանի միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանը, ռազմական ուժի կիրառումը խորը ափսոսանք է հարուցում»։
ՀՀ ԱԳՆ –ն դատապարտել է Իրանի վրա հարձակումն ու կոչ արել դադարեցնել ազմական գործողությունները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ նախապես տեղյակ է եղել, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին։
Թրամփը Fox news-ին ասել է, որ «Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ։ Մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իսրայելը «միակողմանի գործողություն» է ձեռնարկել, ԱՄՆ-ն դրան չի մասնակցել։
Իսրայելը գիշերը հարվածներ է հասցրել իրանական միջուկային օբյեկտներին և ռազմական օբյեկտներին, ինչի հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին, այլ ռազմական գործիչներ, ինչպես նաև գիտնականներ։ Սպանվել է նաև միջուկային գիտնական դոկտոր Ֆերեյդուն Աբբասին կնոջ և երեխայի հետ միասին։
Իրանական կողմը հայտարարել է, որ Իրանի պատասխանը շատ կոշտ է լինելու։