«Կովերի սև թուղթը եկավ, ջրի գնով տվեցինք»․ բրուցելոզը թևաթափ է արել Աշոցքի գյուղերի բնակիչներին

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում ապրիլ-մայիս ամիսներին բրուցելոզով վարակման դեպքեր էին արձանագրվել։ Ամենամեծ վնասը կրել էր Կրասարը, որտեղ շուրջ 260 գլուխ խոշոր եղջերավոր անասուն էր վարակվել: Զգալի վնասներ են կրել նաև Արփենի, Ցողամարգ, Սալուտ և այլ բնակավայրերի անասնապահները։
Համայնքի այն գյուղերում, որտեղ բրուցելոզի դեպք չի արձանագրվել, անթաքույց ուրախությամբ են խոսում այդ մասին, թեև մտահոգ են և կարեկցում են հարևան գյուղերի տուժած բնակիչներին։
Գյուղացիները ստիպված են եղել մթերող կազմակերպություններին անասունները վաճառել կրկնակի, եռակի էժան գներով։ Այսօր նրանք կորցրել են իրենց եկամտի միակ աղբյուրը և ակնկալիք չունեն, որ վնասի փոխհատուցում կստանան։
Ոմանք մտածում են անասնապահության գործից ընդհանրապես հրաժարվելու մասին՝ պնդելով, որ միայն փոխհատուցում ստանալու դեպքում կարող են ոտքի կանգնել։
Շատերը չեն հավատում լաբորատորիայի պատասխաններին՝ նշելով, որ պատրաստ են սեփական միջոցներով կրկնակի նմուշառում կատարել և այլ կառույցում լաբորատոր փորձաքննության հանձնել։
Հիշեցնենք, որ բրուցելոզը կենդանիների հիվանդություն է, որն ախտահարում է նաև մարդկանց։ Հիվանդությանը բնորոշ է երկարատև տենդը սուր շրջանում, քրոնիկական ընթացքը, տարբեր օրգան-համակարգերի ախտահարումը։
Թեմայի շուրջ Regions TV-ն զրուցել է Սալուտ գյուղի, Թորոսգյուղի և Բաշգյուղի վարչական ղեկավարների ու բնակիչների հետ։ Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։