Հրապարակվել են կադրեր իրանական եթերից, թե ինչպես է Իսրայելը հարվածում Իրանի պետական հեռուստատեսության շենքին | Region

Հրապարակվել են կադրեր իրանական եթերից, թե ինչպես է Իսրայելը հարվածում Իրանի պետական հեռուստատեսության շենքին

Հունիս 16,2025 21:06

Իսրայելը հարվածել է Իրանի պետական  հեռուստատեսությանը։ Իրանական լրատվամիջոցները կադրեր են տարածել՝ ցույց տալով իսրայելական հարվածները։

Նույն տեսանյութը տարածել է նաև իսրայելական The Jerusalem Post-ը 

Իսրայելի պաշտպանության նախարարը մինչ այդ զգուշացրել էր, որ «շուտով Իրանի պետական հեռուստատեսությունն ու ռադիոն կանհետանան»։  Իսրայելը տարհանման հրահանգ էր տվել Թեհրանի այն թաղամասի բնակիչներին, որտեղ գտնվում է հեռարձակողը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Օմանի սուլթանի հետ հեռախոսազրույցի ժամանակ զգուշացրել է, որ «եթե Միացյալ Նահանգները չզսպի Իսրայելի տարածաշրջանային ագրեսիան, Իրանը կձեռնարկի ավելի ծանր և ցավոտ պատասխաններ»,-այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

 Իրանի նախագահը շեշտել է, որ «Իսրայելի նման հանցագործությունները տեղի չէին ունենա առանց ԱՄՆ վարչակազմի կանաչ լույսի և աջակցության»։

Wall Street Journal-ն  այսօր գրել է, որ Իրանը արաբ միջնորդների միջոցով ուղերձներ է ուղարկել Իսրայելին և ԱՄՆ-ին, որ ուզում է դադարեցնել ռազմական գործողություններն ու վերսկսել բանակցություններն իր միջուկային ծրագրերի շուրջ, ինչը հանգեցրել է նավթի գների անկմանը։ Այս մասին, ինչպես լրատվամիջոցն է գրում, հայտնել են Մերձավոր Արևելքի և Եվրոպայի պաշտոնյաները։

Նույն  լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտոնյան ասել է, որ նախագահ Թրամփը չեղարկել է Իսրայելի՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու ծրագիրը:

Մինչդեռ CNN-ը հղում անելով տարածաշրջանային դիվանագետին, գրում է, որ «Իրանը Օմանին և Կատարին ասել է, որ չի մասնակցի բանակցություններին Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ իրանական քաղաքները «շարունակում են ենթարկվել Իսրայելի հարձակմանը» և մինչև Թեհրանի պատասխանն ամբողջական չլինի։

Դիվանագետն, ըստ CNN-ի,  նշել է, որ լրատվամիջոցների այն տեղեկությունները, որոնց համաձայն Իրանը խնդրել է Օմանին և Կատարին միջնորդել ԱՄՆ-ի հետ՝ Իսրայելի հետ հրադադար ապահովելու և միջուկային բանակցությունները վերսկսելու համար, «ճշգրիտ չեն»։  Դիվանագետը չի նշել, թե երբ է Իրանը նախատեսում ավարտել իր պատասխան գործողությունները։

Նորություններ