Գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին նախագիծը չներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ

Գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին նախագիծը չներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։
Նախագծին կողմ քվեարկեց միայն մեկ պատգամավոր, դեմ՝ 87 պատգամավոր։
Նախագծի հեղինակ, ՔՊ-ակա պատգամավոև Հայկ Սարգսյանը, մինչ քվեարկությունը, իր ելույթի ժամանակ մեջբերում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ով կառավարության նիստի ժամանակ ասել էր՝ եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի՝ իրենց կառավարությունն առաջին տեղը կբռնի՝ բացարձակ համաշխարհային ռեկորդով։
«Թողենք տոներն անցնեն, մայիսն անցնի, ամառն անցնի, Սբխեչն անցնի, Զատիկն անցի, Սուրբ Ծնունդն անցնի… ես ասում եմ՝ ոչ մի բան չի հետաձգվելու, այս պահին ինչ ուժի մեջ է՝ այլևս ոչ մի հետաձգում։ Որ նախարարը եկավ, ասաց՝ հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի, ասում եմ ամենայն լրջությամբ»,- Փաշինյանին մեջբերեց Հայկ Սարգսյանը՝ ակնարկելով, որ իր նախագծի վերաբերյլա էլ անընդհատ ասում են՝ հետաձգել։
«Հետաձգում չկա»,- կտրուկ պնդեց ՔՊ-ականը։
Գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին նախագիծը չէր ընդունվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում նախագծին կողմ էր քվեարկել 5 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում էր սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 միլիոն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով, նաև առաջարկում էր պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։
ՊՆ-ն քննարկել է Սարգսյանի նախաձեռնությունն ու մի քանի փոփոխություններ արել։
«Ձևակերպվել են հետևյալ առաջարկությունները՝ կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 միլիոն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ»,- կառավարության նիստում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախագծով պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք նախատեսվում էր 32 տարեկանը։
«Պաշտպանության մասին» օրենքում նախատեսվում էր մինչև 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով ՀՀ նկատմամբ 15 միլիոն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամային պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ՝ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում։