«Երբ տարածաշրջանում ռազմական գործողություններ են, դա ստեղծում է ապակայունացման ռիսկեր, բայց չեմ կարծում, որ այս պահին պետք է տարբեր սպեկուլացիաներով զբաղվենք».Ռուբեն Ռուբինյան

«Փոխարտգործնախարարի այցը Թուրքիա՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման շրջանակներում էր։ Ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հետ, այլ նաև ԱԳՆ և տարբեր նախարարների մակարդակներում շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոոսազրույցներ ունենում, և սա այդ շրջանակներում էր»,-լրագրղների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Աժ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը անդրադառնալով հունիսի 16-ին Վահան Կոստանյանի Անկարա կատարած այցին, չմանրամասնելով սակայն այցի կոնկրետ օրակարգը։
Նշեց նաև, որ ՀՀ Կառավարությունը ամբողջովին գիտակցում է իրանաիսրայելական հակամարտությունից բխող ռիսկերը, վստահեցնելով, որ իրենք այս իրավիճակում ունեն տարբեր սցենարներ․
«Ընդհանրապես, երբ տարածաշրջանում ռազմական գործողություններ են, դա ստեղծում է ապակայունացման ռիսկեր, բայց նաև չեմ կարծում, որ այս պահին պետք է տարբեր սպեկուլացիաներով զբաղվենք»,-շեշտեց նա։
Հարցին, ի՞նչքանով է համաձայն վարչապետի այն գրառման հետ, որում նա Լևոն Տեր-Պետրոսյանին անվանել էր «ընտրակեղծարարության հիմնադիր», պատասխանեց, որ կիսում է նրա կարծիքը, չնայած այն հանգամանքին, որ 2008-ին թե՛ ինքը, թե՛ իր հայրը աջակցել են վերջինիս, համարելով, որ օգնում են ավազապետական ռեժիմից ազատվելուն․
«Այո, ես համաձայն եմ, որ 1996 թվականի նախագահական ընտրությունները արդար ընտրություններ չեն եղել։ Ես դրա մասին իմացել եմ միշտ, դրա մասին խոսել եմ միշտ։ Եթե վեր հանեք իմ նախկին հայտարարությունները՝ ընդհուպ մինչև հեղափոխությունից առաջ, կտեսնեք դա»։
Խոսվեց նաև Վարչապետի կողմից եկեղեցուն ու հոգևորականներին ուղղված գրառումներից, ինչպես նաև Կաթողիկոսին Վեհարանից դուրս բերելու գործընթաց սկսելուց։ Պարոն Ռուբենյանը ևս հաստատեց, որ Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, ինչն էլ ստեղծում է անհամապատասխանություն իր կաթողիկոս լինելու հետ։ Նաև ավելացրեց, որ տվյալ խոսակցությունների մեկնարկից հետո Գարեգին Բ-ն չի պարզաբանել իրավիճակը, այդպիսով հաստատելով դրա ճշմարտացիությունը։ Դիմեց նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին․
«Եթե դուք ձեզ համարում եք անաչառ լրատվամիջոցներ, ինչում ես կասկած չունեմ բացարձակ, խնդրում եմ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին տվեք հետևյալ հարցը․ ո՞ր երկրների ուժային կենտրոններն են իր հետ հանդիպել, ի՞նչ ուժային կենտրոններ են դրանք (հատուկ ծառայություններ, ուժային կենտրոններ, պաշտպանության նախարարություններ), ի՞նչ են ասել իրեն, և արդյոք նա չի համարում, որ խնդրահարույց է, երբ Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականը զբաղվում է նաև քաղաքականությամբ»։
Վերջում հարց հնչեց նաև, թե ի՞նչպիսի ապացույցներ կան այս մեղադրանքների վերաբերյալ, օրինակ, թե ո՞վ է Սրբազանի քեռակինը։ Նշվեց, որ այս հարցերը մեծ հետաքրքրություն են առաջացրել հասարակության շրջանում։ Որպես պատասխան Ռուբեն Ռուբինյանը կոչ արեց հանրությանը հետաքրքրվել այլ հարցով․
«Կարծում եմ, որ հանրությանը պետք է հետաքրքրի, ու նույնիսկ հետաքրքրում է, ոչ թե ո՞վ է այս մեկը, այս մեկը, կամ այս մեկը, այլ հանրությանը հետաքրքրում է հետևյալ հարցը․ էս մարդիկ ովքեր ասում են, որ իրենք Սրբազան են, իրենց ուխտը պահում են, թե ոչ»։
Նիկոլ Մարգարյան