«Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ անօրինական զինված հարձակումը, հարձակում է ամբողջ ՄԱԿ-ի համակարգի վրա». Մեհդի Սոբհանի

«Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացվող ագրեսիան վերջին ութ տասնամյակների ընթացքում այս ռեժիմի կողմից օրենքների խախտման շարունակությունն է։ Այս ռեժիմը եղել է միջազգային իրավունքի և նորմերի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության, այդ թվում մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ամենամեծ խախտողը։ Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ անօրինական զինված հարձակումը, հարձակում է ամբողջ ՄԱԿ-ի համակարգի վրա, և լուրջ սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Անվտանգության խորհուրդը պարտավոր է միջամտել այս հարցին՝ ագրեսիան դադարեցնելու նպատակով»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Սոբհանին ընդգծեց, որ Իրանը մինչ օրս երբեք որևե պատերազմ չի սկսել, և վերջին տասնամյակների ընթացքում մշտապես եղել է ագրեսիայի զոհ։ Նա նշեց նաև, որ ԻԻՀ-ը վճռականորեն տրամադրված է պաշտպանվել սիոնիստական ռեժիմի ագրեսիայից, ու իրեն պարտադրված այս պատերազմում պատրաստ է ցանկացած սցենարի։
Իր խոսքում դեսպանը դիմեց նաև ԱՄՆ-ին, համարեց նրանց սիոնիստական ռեժիմի կողմից սանձազերծված ագրեսիայի մասնակիցը, վերահաստատելով, որ Իրանը կտրականապես մերժում է երկխոսության վերաբերյալ Վաշինգտոնի պնդումները։ Կոչ արեց ԱՄՆ-ին ընդունել սեփական պատասխանատվությունը, դադարեցնել երեսպաշտությունն ու համաշխարհային հանրության մոլորեցումը։
Ագրեսիան դատապարտելու վճռական դիրքորոշման համար Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների անունից շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ կառավարությանը՝ բարձր գնահատելով հայ ժողովրդի զորակցությունն ու հոգևոր աջակցությունը: «Կե՛ցցե Հայաստանը, կե՛ցցե Իրանը»,-ասաց նա։
Լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանեց նաև այն հարցին, թե արդյոք Ադրեջանը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից, և հարձակում գործել Սյունիքի ուղղությամբ․
«Մենք ապրում ենք հավանականությունների աշխարհում, և որոշ հավանականություններ իրապես կարող են մտահոգիչ լինել, սակայն մենք առնչվում ենք իրողությունների և փաստերի հետ։ Մենք պահպանում ենք մեր զգոնությունը, և կարծում եմ, որ ՀՀ կառավարությունը ևս հետևում է զարգացումներին։ Մենք նրանց հետ սերտ կապեր ունենք, և անընդհատ խորհրդակցություններ ենք անցկացնում։ Երկրների կողմից այսօր ցուցաբերած վարքագիծը կազդի մեր և նրանց հետագա հարաբերությունների վրա։ Թե՛ բարեկամին, և թե՛ թշնամուն ճանաչում ենք ծանր իրավիճակներում»,-ասաց նա։
Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին նաև իրանա-իսրայելական հակամարտության արդյունքում տուժածների թվի վերաբերյալ տվյալները։ Իրանում զոհերի թիվը 224 է, իսկ վիրավորներինը՝ 1200։ Թե զոհվածների, թե վիրավորների 90 տոկոսը խաղաղ բնակիչներ են։
Նիկոլ Մարգարյան