Անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԱԾ-ից զանգ են ստացել, խնդրել են բացել Բաղրամյան պողոտան՝ խոստանալով հանդիպում կազմակերպել | Region

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԱԾ-ից զանգ են ստացել, խնդրել են բացել Բաղրամյան պողոտան՝ խոստանալով հանդիպում կազմակերպել

Հունիս 20,2025 14:18

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները, որոնք 3-րդ օրն է՝ փակ են պահում Բաղրամյան պողոտան, ԱԱԾ-ից զանգ են ստացել, ծառայությունից նրանց հրավիրել են հանդիպման։

«Ասացին՝ գնացեք, ճանապարհը բացեք, առաջիկայում կհանդիպեք պաշտոնակատարի հետ։ Ասացին՝ տասնհինգ հոգուվ կհավաքվեք, կգաք, բայց հստակ օր չեն ասել»,-լրագրողների հետ ճապազրույցում ասացին ծնողները։

Այս պահին նրանք քննարկում են՝ դադարեցնե՞լ բողոքի ցույցը, բացե՞լ պողոտան, թե՝ ոչ։

Նրանք պողոտան փակեցին, երբ Արմեն Աբազյանը հեռացվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Ծնողներն նշում են, որ Աբազյանի ժամանակ որոշակի առաջընթաց կար գործընթացում, իսկ հիմա անորոշ իրավիճակ է՝ ո՞վ է զբաղվելու իրենց տղաների հարցերով, արդյոք խնդիրը փակուղի չի մտնի։

Ծնողները պահանջում էին հանդիպում ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, որպեսզի հասկանան՝ բանակցություններն ո՞վ է շարունակելու՝ ԱԱԾ տնօրենի ԺՊ Անդրանիկ Սիմոնյանը, թե այլ պաշտոնյա։

«Երեկվանից ոչ մի պաշտոնյա մեզ հետ չի հանդիպել։ Մենք ԱԺ–ի մոտ ենք, պարալիզացրել ենք պողոտան, բայց ոչ ոք այս շենքից չի մոտեցել մեզ»,-ասաց ծնողներից մեկը։

«Փորձեք մտնել մեր դրության մեջ, մեր էրեխեքից 5 տարի է՝ լուր չունենք։ Չգիտես՝ զոհվե՞լ են, ողջ են, զովածի դեպքում գոնե կգնաս գերեզմանին կլացես, կմխիթարվես, բայց մեր  դեպքում մի այլ տեսակի է ցավը։ Գիշեր-ցերեկ տանջվում են անորոշության մեջ,  արդեն խելագարության է  հասցնում էս վիճակը»,-հավելեց մեկ այլ ծնող։

Նորություններ