«Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ»․Գյումրու բյուջեն հաստատվեց, Վարդան Ղուկասյանը «հպարտացավ»

Գյումրու ավագանու այսօրվա նիստում հաստատվեց քաղաքի բյուջեն։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ևս կողմ քվեարկեց։
Քաղաքապետ Վարդան Ղուկասյանն անդրադարձավ քաղաքի ծախսերին, նշեց, որ օրինակ հարկադիր կատարման ծախսերը խնդրահարույց են։
Ասաց, որ հարկադիր կատարման ծառայությունում է գտնվում 265 գործ՝ 171 միլիոն դրամի, որից հետ է կանչվել 35 գործ՝ 35 միլիոն դրամի։
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը գումարներ է ծախսել ու գործերը ներկայացրել է դատարան, դրանից հետո հսկայական գումարներ է մուծել դատարանին ու նորից հետ վերցրել գործերը․«Բացի դրանից, 2015 թվականից գործեր կան ԴԱՀԿ-ում ՝ 117 միլիոնի։ Քաղաքապետարանը բանի տեղ չի դրել, այդպես անտերության մատնված մնացել է։
Հիմա մենք եկել ենք այս գործերը բոլորը հանում ենք, զբաղվում ենք։ Մոտիկ չեն գնացել, ոչ գումարները գանձել են, ոչ դրել են, ոչ վերցրել են։ Խորանում եմ՝ թե ինչն է պատճառը, ասում են՝ դե մոտիկ եմ եղել, կարող է ընտրություններին ինձ դեմ լինեին, ու հետո դիտավորյալ ստվեր են ստեղծել։ Միայն թվերը, որ նայում ենք, աղաղակող է, քաղաքապետարանը «եզան լծի» պես աշխատում է։ Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ։ Մեղայ Աստծո, հանկարծ գլուխ գովալ չհամարեք։ Ապառք ընդգրկել ենք բյուջեի մեջ։ Հիմա այդ սկզբունքով է քաղաքապետարանը աշխատելու։ Հիմա ինչ որ դուք հաստատում եք, իմ գործունեությունը դրանով չի սահմանափակվելու, մենք ավելի շատ ենք հավաքագրելու»։
Ըստ նրա, նախատեսվում է, որ համայնքապետարանի և բոլոր ՀՈԱԿ–ների աշխատակիցների աշխատավարձերը 30%-ով բարձրացնել։ Ղուկասյանն այս թեմայով ևս կարծիք հայտնեց, ասաց՝ 1988 թվականից հետո չեմ տեսել մի քաղաքապետարան կամ պետական կառույց, որ 30% աշխատավարձի բարձրացում լինի․«Սա առաջին դեպքն է։ Բացի 30% ից հաջորդ տարի ևս 20%-ով անպայման անելու ենք, եթե ոչ ավել։ Այսինքն քարոզարշավի ժամանակ, որ ասում էի՝ 50% անպայման աշխատողների աշխատավարձը բարձրանալու է, դա հստակ իմացեք, որ անելու ենք»։
Հարկերի, տուրքերի հավաքագրման վերաբերյալ էլ ասաց՝ բոլորը պետք է վճարեն․«Քաղաքում մի հատ մարդ չպիտի լինի, որից ես չկարողանամ գումար վերցնել, այդպիսի մարդ չկա, որ քաղաքի գումարները չբերի տա, միայն կարող է այն մարդը գումարների հետ կապված խնդիր ունենա, որ ասենք պատերազմին զավակը մահացել է, կամ հայրը կամ այդ ընտանիքը վատ վիճակի մեջ է։ Բայց ով հնարավորություն ունի, բոլորը պետք է գումարները մուծեն, անխտիր։ Սկսում ենք իմ ազգանունից ու գնում ենք մնացածի հետևից։ Գույքահարկ, հողի հարկ, տուրքեր, աղբի վարձ և այլն՝ քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձը, որ տալիս ենք, սկսում ենք իրենցից»։