«Էդ ավտոբուսներում ո՞ւմ պիտի այրեին։ Բոլոր հանցագործ խմբավորումներին, որոնք պլանավորում են հեղաշրջում, պետք է տանել նստեցնել Նաիրի Հունանյանի կողքը»․Պապոյան | Region

«Էդ ավտոբուսներում ո՞ւմ պիտի այրեին։ Բոլոր հանցագործ խմբավորումներին, որոնք պլանավորում են հեղաշրջում, պետք է տանել նստեցնել Նաիրի Հունանյանի կողքը»․Պապոյան

Հունիս 26,2025 14:58

«ՀԷՑ-ի վերաբերյալ մշակվող առաջին  քայլը կառավարումն է, որի մասին կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետը: Օրենքի փոփոխությունը ավելի մանրամասն կլինի առաջիկա օրերի արտահերթ նիստում: Որքանով տեղեկացված եմ՝  մեր կառավարող խմբակցությունը արդեն իսկ պատրաստել է նախագիծը, և այն կարծես թե արդեն շրջանառվել է, կամ շրջանառվելու է: Դրանից ավել չեմ կարող մեկնաբանել, քանի որ հրապարակման գործընթացը որոշակի մեթոդաբանություն ունի, և մենք գնում ենք այդ տրամաբանությամբ»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ՀԷՑ-ը պետականացնելու մտադրությանը։

Արդյոք սա մանավոր բիզնեսի խլում չէ, Պապոյանն այս առնչությամբ ասաց՝ ՀԷՑ-ի պետականացումը մասնավոր բիզնեսի խլում չէ, մեր օրենսդրությամբ բոլոր հիմքերը սահմանված են:

«Մենք բազմաթիվ  օրենքներ ունենք, որոնք ենթադրում են պարտավորություն պետության, կառավարության, մասնավորի ու քաղաքացու կողմից, դրանք պարտավորությունների կատարման շրջանակում են, և հանրային շահի գերակայության մասին են: Մենք չենք կարող մեկ մարդու շահը գերադասել միլիոնավոր մարդկանց շահերից: Չենք կարող մեկ մարդու ասել՝ դու ինչ ուզում ես, կարող ես անել, իսկ հազարավոր տնտեսվարողներ բիզնեսներ կորցնեն, հարյուր հազարավոր մարդիկ մնան առանց լույս, կամ պետական համակարգը պարալիզացվի»,-ասաց նա:

Անդրադառնալով «Սրբազան շարժման» անդամների, ըստ իրավապահների, ահաբեկչության և իշխանության յուրացման գործողություններ նախապատրաստելուն ու տասնյակ կալանավորումներին, նախարարը համեմատականներ տարավ ասօրվա ու 1999 թվականների միջև: Նշեց, որ ուսումնասիրելով այդ շրջանի ՀՅԴ-ական մամուլը, իր համար պարզ է դարձել, որ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի նկատմամբ  օգտագործված բառապաշարը լրիվ նույնն է, ինչ այսօր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ օգտագործվողը.«Գնացեք ու կարդացեք 1999 թվականի հոնիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ու հոկտեմբեր ամիսների դաշնակցական թերթերը: Սա նշանակում է, որ ի տարբերություն 1999 թվակամնի, երբ ՀՀ ԱԱԾ-ը և դրա ղեկավարը թերի են աշխատել ու տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ը։ Հիմա իրավապահ մարմինները աշխատել են փայլուն, ու ՀՀ-ում նոր հոկտեմբերի 27 տեղ չի ունեցել»:

Դիտարկմանը՝ դեռ դատարանի որոշում չկա, ի՞նչ ապացույցներ կան, որ Հոկտեմբերի 27 էր նախապատրաստվում, Պապոյանը պատասխանեց․«Բա որ ասում են՝ պատի տակ էսքան մարդու կգյուլլենք, էսքան մարդու կբռնենք, հետո էն մյուսի ընտանիքներին սենց կանենք, ընենց կանենք, որ ասում են՝ ավտոբուսի վրա յուղ կլցնենք, կայրենք, էդ ի՞նչ ա։ Էդ ավտոբուսներում ո՞ւմ պիտի այրեին, ինձ կասե՞ք։ Բոլոր հանցագործ խմբավորումներին, որոնք աշխատում են պետականության դեմ, պլանավորում են հեղաշրջում, այդ թվում՝ ոչ միայն քաղաքական գործիչներին սպանելով, այլ նաեւ սովորական մարդկանց, պետք է օրենքի ողջ ուժով չեզոքացնել եւ տանել նստեցնել Նաիրի Հունանյանի կողքը, որովհետեւ իրենք Նաիրի Հունանյանից ոչ մի բանով չեն տարբերվում»։

Հարցին՝ ՔՊ-ն էլ 2018-ին գործողությունների պլան չունե՞ր, նախարարը պատասխանեց․ «Երբ գործողություների պլանը խաղաղ հանրահավաք է, ձեռքի ծափեր են ավտոմեքենայի ազդանշան է, փողոցում հանգիստ կանգնել է, դա ուրիշ բան է։ Երբ դա քաղաքական գործիչներին պատերի տակ գյուլլել է, քաղաքացիներին ավտոբուսներում վառել է, այլ բան է»։

Նիկոլ Մարգարյան

 

Նորություններ