Թուրքիան չի աջակցում Ադրբեջանի պատկերացրած «Զանգեզուրի միջանցքի» օրակարգին․ Վահան Կոստանյան

Թուրքական կողմը չի աջակցում ադրբեջանական կողմի պատկերացրած «Զանգեզուրի միջանցքի» օրակարգին։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտգործ փոխնախարար Վահան Կոստանյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Թուրիքա կատարած այցին, Կոստանյանն ասաց՝ բավականին դրական մթնոլորտում է անցել։ Կոստանյանը վստահեցրեց՝ տարածաշրջանային մի շարք հարցերում Հայաստանի և Թուրքիայի դիրորոշումները բավական մոտ են։
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին էլ Կոստանյանն ասաց, որ թուրքական կողմի համար «ընկալելի և ըմբռնելի է հայկական կողմի դիրքորոշումը»՝ նշելով, որ Հայաստանի համար շարունակում է սկզբունքային լինել, որ ենթակառուցվածքները պետք է գտնվեն իր իրավազորության ներքո և պիտի պաշտպանվի Հայաստանի սուվերենությունը այդ ճանապարհների նկատմամբ։
ՀՀ վարչապետը հանդիպման ընթացքում ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը ըստ Կոստանյանի Թուրքիայի գործընկերների կողմից կառուցողական է գնահատվել, երկու կողմից էլ ընդգծվել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կարևորությունը.«Գաղտնիք չէ, որ Թուրքիան ձգտում է դեպի Կենտրոնական Ասիա բարելավել իր կապուղիները, իր հերթին Հայաստանի համար՝ որպես դեպի ծով ելք չունեցող պետությունբաց սահմաններ ունենալը կենսական անհրաժեշտություն է: Վերջին իրադարձությունները ևս ցույց տվեցին, որ կապված Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով, մեր «3 կամ 3 ու կես» սսահմանները փակ էին: Ըստ էության այս հարցում կա ընդհանուր ըմբռնում»:
Ի պատասխան այն հարցին, թե ի՞նչպիսին է ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը առ այն, որ չնայած բանակցությունների փորձերին, Ալիևը շարուակում է Հայաստանին անվանել ռազմական հանցագործ պետություն, Կոստանյանը հույս հայտնեց, որ ապագայում նման հայտարարություններ չեն հնչի, հավելելով, որ դրանք ոչ մի կերպ չեն օգնում, որպեսզի ապագայում երկու կողմերի միջև կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտ ձևավորվի:
Կ»ոստանյանը վստահեցրեց, որ ՀՀ-ն «Խաղաղության պայմանագիրը» Ադրբեջանի հետ պատրաստ է կնքել աշխարհի ցանկացած քաղաքում, ապա գնահատեց այս գործընթացում թուրքական կողմի պատրաստակամությունը.«Առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական կողմը հանրային բավականին դրական ազդակներ է տվել երկու կողմերին, առ այն, որ իրենք շահագրգռված են նրանց հարաբերությունների կարգավորմամբ ու համապատասխան փաստաթղթի ստորագրմամբ»:
Խոսեց նաև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքի ցամաքային սահմանի բացման մասին, ընդգծեց՝ երկու կողմերն էլ կրկին արձանագրել են, որ պայմանավորվածությունը ուժի մեջ է, սակայն այս ուղղությամբ դեռ պետք է լրացուցիչ քայլեր արվեն:
Նիկոլ Մարգարյան