«Ամեն ինչ բարդացնում են»․ Հայաստան-Վրաստան սահմանը հատելու ուղևորափոխադրման նոր կանոնները դժգոհություն են առաջացրել

Այսօրվանից ուժի մեջ են մտել Հայաստան-Վրաստան և հակատակ ուղղությամբ ոչ կանոնանվոր ուղևորափոխդրման նոր կանոնները՝ փոխադրողները պետական սահմանը հատելիս պետք է լրացնեն էլեկտրոնային հսկիչ փաստաթուղթը, որի մեջ նշված կլինեն երկրից դուրս եկող կամ մուտք գործող ուղևորների անուններն ու ազգանունները: Հսկիչ փաստաթուղթը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով, իսկ վարորդն այն տպած վիճակում պետք է ներկայացնի վերահսկիչ մարմիններին։ Այս նոր կանոնները սահմանվել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի շրջանակում։
Որոշ ուղևորափոխադրողներ դժգոհում են նոր կարգից, ասում են՝ փաստաթղթերի լրացման գործընթացում տեխնկական խոչընդոտներ կան։
«Ամեն ինչ բարդացնում են: Ուղևորափոխադրող ընկերությունները խնդիրների առաջ են կանգնում: Վրաստան գնալուց ուղևորների տվյալներով փաստաթուղթը վարորդը պետք է ներկայացնի անցակետում: Վրաստանից Հայաստան հետ գալուց արդեն նմանատիպ փաստաթուղթ այնտեղ պետք է տպեն: Բայց վարորդը չի կարող: Տեղ չկա, վարորդը պետք է հանգստանա, որպեսզի մյուս ուղևորներին հետ բերի»,-RegiօnsTV-ի հետ զրույցում նշեց ուղևորափոխադրող ընկերության աշխատակից Արսեն Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանից Վրաստան գնալիս ձևաթուղթը լրացրած ունեն, սակայն հաճախ է պատահում, որ չնախատեսված ուղևորներ են տեղափոխում։
Բացի այս, ուղևորափոխադրողներն անհանգսատացած են՝ եթե ճանապարհին մեքենան խափանվի, ու ստիպված լինեն մարդկանց տեղ հասցնելու համար փոխել մեքենան, փաստաթղթի հետ կապված խնդիր է առաջանում։
«Եթե հանկարծ ճանապարհին մեքենան փչացավ, դու չես կարող այն փոխել, որովհետև օնլայն տարբերակով արդեն թուղթը տպել ես: Օրինակ՝ եթե Քոբուլեթիում մեքենան փչացավ, ուղևորներին ինչպե՞ս հասցնենք Երևան: Մինչև այս ուրիշ մեքենայով էինք տեղափոխում, որպեսզի երկար չսպասեն»,-ասաց Արսեն Վարդանյանը։
Նա նշեց, որ տեխնիկական տհաճ խնդիրներ կարող են առաջանալ, նկարագրեց․«Ես մեքենայով գնացել եմ Վրաստան ու այնտեղից պետք է տուրիստ բերեմ այստեղ: Երբ օդանավակայանից դիմավորեմ ուղևորին, ո՞րտեղ տպեմ համապատասխան փաստաթուղթը»:
Հաջորդ հնարավոր խնդիրը ըստ նրա, վարորդների ավելորդ ժամանակի վատնումն է, որը նրանք պետք է ծախսեն փաստաթղթի վրա.«Նրանք այդ ժամանակը կարող են օգտագործել հանգստանալու համար: Այս պայմաններում աշխատելով, հնարավոր է առաջանան նաև անվտանգային խնդիրներ: Եթե հանկարծ վթար եղավ, ուղևոր տուժեց, պատասխանատվությունը ստանձնելու է կազմակերպությունը, ոչ թե պետությունը: Երկար ճանապարհ գնացող վարորդի համար 1 ժամ ավել քնելը կարևոր է: Իրենք չեն պատկերացնում նրբությունները, որովհետև գործի մեջ չեն»:
Նրա կարծիքով՝ լավ կլինի այս նոր կարգը մի քիչ հետաձգվի, մինչև այդ ոլորտի մասնագետների հետ խնդիրները քննարկեն, նոր լուծումներ գտնեն։
Նիկոլ Մարգարյան