Հունական «կապրիզներ»․Դեսպանատունն անհիմն մերժում է ՀՀ քաղաքացիների մուտքը Հունաստան, մարդիկ գումարներ են կորցնում | Region

Հունական «կապրիզներ»․Դեսպանատունն անհիմն մերժում է ՀՀ քաղաքացիների մուտքը Հունաստան, մարդիկ գումարներ են կորցնում

Հուլիս 02,2025 20:05

Ամռան այս սեզոնին հազարավոր քաղաքացիներ, որոնք իրենց հանգիստն արտերկրում անցկացնելը ծրագրել են ամիսներ առաջ, նույնիսկ մեկ տարի առաջ, տարբեր երկրների դեսպանատներում խնդիրների են հանդիպում, նրանց մուտքի արտոնագիրը մերժում են՝ առանց հիմնավորումների։ Այս խնդիրն այս սեզոնին թեժացել էր նաև անցյալ տարի։

Արդեն տևական ժամանակ է՝ համացանցում բազմաթիվ օգտատերեր  այս խնդիրների մասին դժգոհություններ է ներկայացնում։  Քաղաքացիները բողոքում են, որ տարբեր դեսպանատներ «վիզա չեն տալիս»։ Դժգոհությունների մեծ մասը ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան աշխատանքից է։ Տասնյակ մարդիկ նշում են, որ իրենց մուտքը Հունաստան՝ դեսպանատունը մերժում է առանց պատճառի, բողոքարկման իրավունք էլ չեն տալիս։ Հետևանքում, քաղաքացիները մեծ գումարներ են կորցնում, քանի որ մինչև դեսպանատուն մուտք գործելը, շատերն արդեն վճարել էին տոմսերի, բժշկական ապահովագրության, նաև Հունաստանի հյուրանոցների ծախսերը։

«Հունաստանի դեսպանատնից վիզայի մերժում ստացանք ես, մայրիկս ու մեկ ու կես տարեկան երեխաս։ Ուզում էինք երեքով մեկնել հանգստի։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ էին՝ տեղեկանք, քաղվածք, թույլտվություն, նամակ: Թռիչքի տոմսերն ու հյուրանոցն ամբողջությամբ վճարված էր: Ճամպրուկներս հավաքել, սպասում էի: Չարաբաստիկ 12-րդ կետով մերժում ստացա, որից հետո ինձ հուշեցին, որ կարելի է գնալ դեսպանատուն և բողոքարկել մերժումը: Բնականաբար, գնացի: Դեսպանատան դարպասի դիմաց, դոմոֆոնով խոսել եմ 3 տարբեր աշխատակիցների հետ, ովքեր կտրականապես հրաժարվեցին ներկայանալ, չպատասխանեցին ո՛չ մի հարցիս, ամեն ինչին ասելով, որ կոնսուլն է այդպես որոշել: Իսկ բողոքարկման պահանջիս ասացին, որ այս շաբաթվանից կոնսուլը որոշել է, որ էլ բողոքարկում չի լինելու, պետք է զրոյից դիմենք վիզա ստանալու, այսինքն էլի շաբաթներով կայքի դիմաց փորձենք ֆանտաստիկ թանկ գներով ժամ գտնել, վիզա կենտրոնում հերթեր, հանրագիտարանի հաստության տեղեկանքներ․․․․»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Գյումրիի բնակիչ Նվարդ Ղազարյանը։

«5 տարվա մուլտիվիզայի ժամկետի ավարտից հետո, նույն՝ Հունաստանի դեսպանատնից մերժում ստացավ քույրս»,- գրում է մեկ այլ օգտատեր։

RegionsTV-ի հետ զրույցում տուրիստական գործակալություններից մեկի ներկայացուցիչը, որը խնդրեց իր տվյալները չհրապարակել, ասաց՝ միայն մարտ ամսին անհիմն 10 մերժումներ են ստացել տարբեր հաճախորդներից, որոնցից մի քանիսը գնել էին տոմսերը, հրավեր ունեին։

«Ընկերության կողմից հրավերը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են, համենայնդեպս ամենն, ինչ տուրիստականն էր պահանջել։

«Խմբի բոլոր անդամներին մերժել են»,- գրում է մեկ այլ օգտատեր։

Մեկ ուրիշն էլ նշում է, որ հունվարին են իրենց մերժել, հետևանքում՝ 90․000 դրամից ավելի  գումար են կորցրել առանց որևէ բացատրության:

«Գրեթե բոլոր դեսպանատներում ձևավորվել են արբանյակ տուրագենտներ ու եթե իրենց խմբով ես դիմում, շատ լավ էլ օքեյ է»,- գրում է մյուս օգտատերը։

 «Հունաստանի դեսպանատան կողմից անհիմն մերժումներ միշտ եղել են։ Դրանք իրենց մոտ գրեթե ամեն տարվա այս սեզոնին, սկսվում են։ Բայց այս տարվա նման խայտառակ վիճակ ոչ մի տարի չի եղել։ Ես իմ մուտքերն եմ ասում, մարտ ամսից սկսած, տասնյակ քաղաքացիների մերժել են, Հունաստանի մուտքի վիզա ստացել են ընդամենը 2-3-ը։ Իմ մոտ այո՛ 80 տոկոսից ավելի մերժումներ են, բայց իմ կոլեգաների հետ էլ եմ հարցումներ արել, քննարկել ենք, նրանց մոտ էլ է նույն պատկերը»,- Regions TV-ի հետ զրույցում ասում է տուրիստական գործակալություններից մեկի ներկայացուցիչը, ով, որպես վիզաների մասնագետ, 13 տարի է, գործունեություն է ծավալում ոլորտում։

Նրա կարծիքով՝ պատճառներից մեկը հետևյալն է․ մեծ կազմակերպությունները այս սեզոնին չարտերային՝ այսինքն հավելյալ, հիմնական ժամանակացույցից դուրս թռիչքներ են դնում ու ուղևորների տեղերը լրացնելու խնդիր են ունենում։ Նրանք, իր ասելով, ներքին պայմանավորվածություններ ունեն Հունաստանի դեսպանատան հետ, որ վերջինս մերժի այլ տուրփաթեթներով ներկայացված դիմումները և վիզա տրամադրի միայն իրենց թանկ փաթեթներից օգտվող քաղաքացիներին։

«Այսինքն, Հունաստանի դեսպանատունը մեծամասամբ վիզա տալիս է այն մարդկանց, ովքեր չարտերների փաթեթներն են գնում մի քանի մեծ ընկերություններից։ Միանշանակ, ներքին պայմանավորվածություն կա խոշոր ընկերությունների և Հունաստանի դեսպանատան հետ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ այն մարդիկ, որոնք այդ ընկերություններից գնած փաթեթներով, հյուրանոցն էլ հետը, հենց կոնկրետ տվյալ չարտերի ավիատոմսով մուտք են գործում դեսպանատուն, նրանք վիզա ստանում են»,- ասում է վիզաների մասնագետն ու ավելացնում․ «Բայց մարդիկ կան, որ հրավերներով են մեկնելու, օրինակ իմ հաճախորդների մեծամասնությունը հրավեր ունի իրենց բարեկամներից, ընկերներից։ Հրավերով մուտքներն անխտիր մերժում են։ Նույնիսկ ներքին խոսակցություններ են եղել մեր գործակալների միջև, որ մարդիկ գնված տոմսերով մտնեն, որպեսզի վստահություն ներշնչի։ Մենք տոմսերը հաճախորդների հետ գնեցինք, հրավերներն էլ հետը դրեցինք, նույնիսկ այդ ձևով մերժվեց, մարդիկ կորցրեցին իրենց տոմսերի գումարների մի մասը»։

Տուրգործակալության ներկայացուցչի խոսքով՝ շատ-շատ ճամփորդողներ կան, որ չեն գնում տվյալ չարտերի ուղղությամբ՝ Կրետե, Հռոդոս կղզիներ կամ Սալոնիկ քաղաք, այլ ուզում են ուղևորվել Զակինթոս կղզի, Աթենք։ Բայց չարթերներում տվյալ ուղղությունները չկան, ամեն տարի նույն չարթերներն են դնում ու ամեն տարի նման վիճակ  ստեղծում։

« Դեսպանատուն մուտք գործելիս պարտադիր է ունենալ բժշկական ապահովագրությունը, մինչև հիմա պարտադիր չէր հյուրանոցի վճարները կատարելն ու տոմս գնելը։ Զուտ ամրագրումով կարող էին մարդիկ մուտք գործել դեսպանատուն, բայց իրենց կայքում թարմացում է եղել, ու հոթելի վճարն են ուզում անպայման բանկի կտրոնով, կապ չունի ուր ես գնում։  Էնտեղ նշվում է նաև, որ չեն ուզում, որ մարդիկ օնլայն հարթակներից օգտվեն, ուզում են, որ մեծ ընկերություններից գնեն հյուրանոցի տեղերը։ Բայց տոմս գնելը պարտադիր չէ»,- ասում է տուրօպերատորը։

Նրա խոսքով՝ բավականին մեծ ծախսեր են անում մարդիկ։ Մոտավորապես 120-150 հազար դրամ միայն վիզայի աջակցման և վիզա կենտրոնի վճարներն են, անկախ նրանից վիզան կստանա,՞ թե՝ չէ։

«Տոմսի արժեքի մի մասը իհարկե մերժման թղթով հետ են վերադարձնում, ինչ որ մի տոկոսը պահում են, բայց էլի, ամեն դեպքում, ժամանակի կորուստ է, հոգեկան տրավմա է։ Էնքան հաճախորդներ ունեմ, որ ուզեցել են գնալ ծնողների, ընկերների մոտ, որոնց երկար տարիներ չեն տեսել։ Նորմալ, ցանկով պահանջված փաստաթղթերով, առաջին անգամ չենք գործ անում, դրել ենք, պատրաստել ենք փաթեթը, մուտք է եղել դեսպանատուն ու մերժվել է։ Ընդհանրապես լոգիկա չկա, թե ինչու են մերժում։ էնքան մտածել ենք, քննարկել ենք կոլեգաներով, լա՛վ, ինչը ոնց դնենք, որ մի բան փոխենք, ի՞նչը ճիշտ չենք անում։ Լա՛վ էս անգամ գնված տոմսը դնենք, էլ ոչ մի ճար ու բան չենք գտնում։ Էս է ընթացքը։ Միշտ չարտերների բացման սեզոնին սկսվել են հունական էդ կապրիզները, բայց էս տարի ահավոր աբսուրդ վիճակ է»,- ասում է տուրիստական գործակալության ներկայացուցիչը։

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, որը նաև տուրեր է կազմակերպում, սոցիալական ցանցում գրել է․«Մարդիկ դարձել են վատ տուրիստական ընկերությունների զոհը։ Ցանկացած շենգեն երկրի հարցմանը մարդկանց պատասխանում են՝ Հունաստան դիմեք։ Դրա համար Հունաստանի դեսպանատունը գժված բոլորին մերժում է, այդ թվում իրոք հենց Հունաստան գնացողներին։ Շատ կոնկրետ եւ շատ հստակ եմ ասում։ Իսկ Հունաստանի դեսպանատունը ունի երկու խնդիր, մեկը որ մյուս շենգեն երկրները ճնշում են Հունաստանին որ անհիմն վիզաներ է տալիս, մյուսը՝ որ Հունաստանը հասկանալով, որ ոչ սեզոնին Հունաստանի համար դիմողները բոլորը այլ երկիր են գնալու, անխտիր մերժում է լիքը մուլտի վիզա ունեցողների, ու վիզայի սլոթները պահում ամռանը հենց Հունաստանի կղզիներ գնացողների համար, ովքեր որ գումարները Հունաստանում են ծախսելու, և ոչ թե Հունաստանը վիզա տա, իրենք փախնեն՝ Ֆրանսիայում փողը ծախսեն»։

«Վատը գիտե՞ք որն է էսքանի մեջ․ Հունաստանի վիզաների կենտրոնը էնքան ժամադրություններ է բացում, երևի օրական 70-80 սլոթեր, որ մարդիկ շահագրգռված մտածում են, որ եթե էսքան ժամադրություններ է բացում, ուրեմն օքեյ է, բայց մերժում են համատարած ու հիմնականում 12 կետը մատնանշելով․ փաստաթղթերի անվստահություն ու վերջ»,- ասում է տուրօպերատորն ու ավելացնում․ «Իսկ մյուս՝ այլ երկրների դեսպանատներում՝ Իսպանիա, Իտալիս, Ֆրանսիա, Գերմանիա, ահավոր վիճակ է, մարդիկ չեն կարողանում նույնիսկ սլոթ, ժամադրություն վերցնել, որ իրենց փաստաթղթերը հանձնեն ու հիմնականում ուզում են Հունաստանով ստանալ իրենց վիզան ու, իբր, գնալ այլ երկիր»։

Ըստ տուրօպերատորի, բողոքարկումներն անիմաստ են, 99 տոկոսով ոչ մի արդյունք չեն տալիս։

Այս և մի շարք այլ խնդիրները պարզաբանելու համար Regions TV-ն 1 ամիս առաջ հարցում էր ուղարկել Հայաստանում Հունաստանի դեսպանատուն, սակայն մինչ օրս դեսպանատնից պատասխան չենք ստացել։

Կարինե Կազարովա

 

Նորություններ