Հովհաննես Բաչկովը նվաճեց IBA Pro գոտին և պահպանեց WBA Continental տիտղոսը
Հուլիս 02,2025 22:27

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ավագ Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) պրոֆեսիոնալ ռինգում շարունակում է մնալ անպարտելի: Ստամբուլում կայացած IBA Pro-7 Champions Night մրցաշարում նա 9-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտության մատնեց հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիին (33-7):
32-ամյա բռնցքամարտիկը մենամարտի ընթացքում ցուցադրեց բարձր ակտիվություն և հարվածների բազմազանություն: Իններորդ ռաունդում Բաչկովը հակառակորդին անկյուն քշեց, մի շարք դիպուկ հարվածներով ծնկի բերեց նրան, ինչից հետո Նդոնգենիի թիմը սպիտակ սրբիչ նետեց ռինգ՝ ընդունելով պարտությունը:
Այս հաղթանակով Հովհաննես Բաչկովը նվաճեց IBA Pro չեմպիոնական գոտին և պահպանեց իր WBA Continental տիտղոսը: Պրոֆեսիոնալ ռինգում սա նրա ութերորդ հաղթանակն էր, որոնցից յոթը նա տարավ նոկաուտով: