Ռուսական ռազմաբազայում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է | Region

Ռուսական ռազմաբազայում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

Հուլիս 11,2025 12:08

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում 23-ամյա զինծառայողը, որը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, մեր տեղեկություններով՝ նախնական վարկածով՝ ինքնասպանության փորձ է կատարել։ Ըստ վարկածի՝ լսվել են կրակոցի ձայներ, մոտեցել են, տեսել, որ նա իրեն հրազենային վնասվածք է հասցրել, կրակել է ճակատին։
Ավելի վաղ տեղեկություն էր շրջանառվել, որ  հուլիսի 10-ին, ժամը 18 անց 30-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ալեքսեյ Կ-ն՝ հրազենային վնասվածքով։

Բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Արմեն Խաչատրյանը Regions TV-ին հայտնեց, որ զինծառայողը հիվանդանոց է տեղափոխվել ծայրաստիճան ծանր վիճակում, գլխի շրջանի միջանցիկ վնասումով։ Բժիշկները փորձել են նրան վիրահատել, միջամտություն են ցուցաբերել, բայց նրա վիճակը շարունակում է մնալ ծայրաստիճան ծանր։

23-ամյա զինծառայողը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ։ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ նրան Երևան տեղափոխելու հարց չի քննարկվում։ Զինծառայողը Կրասնոդարի մարզից է։  Գործն ամենայն հավանականությամբ կքննվի ռուսական ռազմաբազայի իրավապահների կողմից։

Կարինե Կազարովա

Նորություններ