«Պանելները կախված են, տանիքին ծառ է աճում, շատ խոնավ է, մեր էրեխեքը սաղ օրը հիվանդ են»․ Վարդաշենի վթարային շենքի բնակիչները բողոքի ցույց են անում | Region

«Պանելները կախված են, տանիքին ծառ է աճում, շատ խոնավ է, մեր էրեխեքը սաղ օրը հիվանդ են»․ Վարդաշենի վթարային շենքի բնակիչները բողոքի ցույց են անում

Հուլիս 17,2025 12:55

Երևանի Վարդաշենի 68ա և 66/1 հասցեներում գտնվող հանրակացարանների բնակիչները կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անում։ Նրանք դժգոհում են, որ տևական ժամանակ է՝ իրենց խնդիրը չի լուծվում՝ շենքերը վթարային են, այդտեղ բնակվելը վտանգավոր է։ Կառավարությունից պահանջում են շենքերից բնակիչներին դուրս հանել և ապահովել նոր բնակարաններով։

«Օր ու ժամ ասեն՝ երբ են մեզ տարհանելու, հակառակ դեպքում ճանապարհ ենք փակելու։ Փոքր երեխաներ են ապրում էդ շենքում, էդ վթարային շենքը վտանգավոր է կյանքի համար։ Էլ հնարավոր չէ սպասել։ Մեզ տուն չեն տալիս, որ երբ նոր ընտրություններ լինեն, նորից Ավինյան չեղածը ձայներ հավաքի։ Չի լինելու այդպես։ Քարոզարշավի ժամանակ Ավինյանը խոստացել էր  խնդիրը լուծել»,-ասացին բնակիչները։

Նրանք փակեցին կառավարութան շենքին հարող Տիգրան Մեծ փողոցը։

Նշված հասցների շենքերում, ինչպես ասացին բնակիչները, մոտ 200 ընտանիք է բնակվում։

«Մարդիկ ողբերգական հետևանքներով լի շենքում են ապրում, սեյսմիկ ծառայությունը եզրակացություն է տվել, որ վտանգավոր է բնակվել, անգամ թափառող կենդանիներ չի կարելի այդտեղ պահել։ Քաղաքապետարանն անընդհատ այս մարդկանց ուղարկում է կառավարություն, կառավարությունը՝ քաղաքապետարան, խնդիրը չի լուծվում։ Շենքի հիմքում գտնվող կոյուղատար համակարգն ամբողջովին փլուզվել է, կոյուղու պարունակությունը մարդկանց բնակարաններից դուրս է գալիս, բնակարանների ճաքերը խորացել են։ Նիկոլն այդ պամաններում կապրի՞»,-լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Սոնա Աղեկյանը։

Այսօր կառավարությունից բնակիչներին հորդորել էին երկու օր սպասել, իրենց դիմումին պատասխան կտան, մինչդեռ բնակիչները լավատես չեն, ասացին, որ նախորդ ցույցերի ժամանակ էլ, դեռ գարնանը,  կրկին իրենց հորդորել էին սպասել։

«Սպասեցինք, բայց ոչ մի բան չլուծեցին։ Էս անգամ ավելի վատ է լինելու, եթե երկու օրվա ընթացքում դրական պատասխան չունենանք, ավելի շատ փողոցներ ենք փակելու։ Պաշտոնապես հաստատվել է, որ 4-րդ կարգի վթարային շենքեր են, բայց դա մի քանի տարի առաջ, հիմա 5-ն էլ ա անցել, պանելները կախված են, տանիքին ծառ է աճում, շատ խոնավ է, մեր էրեխեքը սաղ օրը հիվանդ են»,-հայտարարեցին բնակիչները։

Բնակիչները որոշ ժամանակ ճանապարհը փակ պահելուց հետո շարժվեցին դեպի կառավարության շենքի հետնամաս, նրանք ակնկալում են, որ կառավարության նիստից հետո նախարարներն ու այլ պաշտոնյաները, որոնք դուրս կգան հետնամուտքից, իրենց խնդիրը կլսեն ու պատասխան կտան։

Քիչ առաջ նրանք դադարեցրին ցույցը, նշելով․«Հիմա դադարեցնում ենք ցույցը։ Վաղը թաղապետարանից գալու են մեր շենք, տեսնենք։ Սպասում ենք, որ իրենց խոստումը կկատարեն ու երկու օրվա մեջ մեզ դրական պատասխան կտան»։

 

 

Նորություններ