«Գյումրիում բնակարանաշինությունը կաղում է, ԲԳՎ-ի համար էլ դեռ գումար չկա» | Region

«Գյումրիում բնակարանաշինությունը կաղում է, ԲԳՎ-ի համար էլ դեռ գումար չկա»

Հուլիս 18,2025 17:10

Գյումրիում 2535 ժամանակավոր կացարան կա, որտեղ ապրող ընտանիքներից  շուրջ 1000-ն անօթևանի կարգավիճակ ունի։ Այս մասին REGIONS TV-ի հետ զրույցում հայտնեց Գյումրիի քաղաքապետի տեղակալ Ավետիս Առաքելյանը։

«Ի զարմանս մեզ, նորանոր մարդիկ են ի հայտ գալիս, որոնք անօթևանի կարգավիճակ ունեն, սակայն գրանցված չեն։ Հիմա նրանց գործերը փորձում ենք բերել իրավական դաշտ, հասկանալ, թե ինչու մինչ օրս ընդգրկված չեն եղել ցուցակներում։ Այդ մարդկանց էլ ենք ընդգրկելու անօթևանների ցուցակների մեջ, հետևաբար վերը նշված թիվը փոփոխական է»,-նշեց Առաքելյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունն այդ մարդկանց պետք է ապահովի բնակարանով, իրենց գործառույթի մեջ էլ ժամկետանց այդ կացարանների ապամոնտաժումն է։

Ավետիս Առաքելյանը հույս հայտնեց, որ պետական լուրջ մոտեցման դեպքում մինչև սահմանված ժամկետը՝ 2027թ․-ը, հնարավոր է այդ ծրագիրն իրագործել։

«Բնակարանաշինությունը կաղում է, 2025թ․-ի պետբյուջեով էլ միջոցներ հատկացված չեն ԲԳՎ-ի ծրագրի շարունակության համար։ Հիմա տեսնենք՝ հաջորդ տարվա բյուջեով հատկացում կլինի՞։ Ըստ այդմ էլ կհասկանանք՝ այդ ծրագիրն իրատեսական է, թե՝ ոչ»,-ավելացրեց Առաքելյանը։

Նորություններ