«Ամեն ձայնից, ամեն կտրուկ շարժումից վախենում է, վեր է թռնում»․ խոշտանգված շունն արդեն նոր ընտանիք ունի, դեռ վերքեր կան, բայց աստիճանաբար կազդուրվում է | Region

«Ամեն ձայնից, ամեն կտրուկ շարժումից վախենում է, վեր է թռնում»․ խոշտանգված շունն արդեն նոր ընտանիք ունի, դեռ վերքեր կան, բայց աստիճանաբար կազդուրվում է

Հուլիս 22,2025 15:30

Բյուրեղավանում խոշտանգված շունն արդեն քանի օր է՝ նոր ընտանիք ունի, նրան որդեգրել են։

Ընտանիքը շան նկատմամբ դաժան վերաբերմունքի տեսարանով տեսանյութը տեսնելուց հետո երկար չի մտածել, անմիջապես որոշել է որդեգրել նրան։

Համացանցում շրջանառվող այդ տեսանյութն օգտատերերի զայրույթն է հարուցել․ տղամարդը շանը կապել էր մեքենայի հետնամասից ու քարշ էր տալիս։ Դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում։ Կարճ ժամանակ անց ոստիկանները բացահայտեցին տղամարդու ինքնությունը՝ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվեց ու  ձերբակալվեց, իսկ շունը տեղափոխվեց կլինիկա, որտեղ էլ ստացավ անհրաժեշտ բուժօգնությունը։

«Բոլոր թաթիկները վատ վիճակում էին, մի թաթից նույնիսկ մի մատիկ է պոկվել։ Հիմա կազդուրվում է, բայց նրա հիմնական խնդիրը հոգեկան վիճակն է»,- RegionsTV-ի հետ զրույցում ասում է Մարինա Մերուժանյանը։

Որդին՝ 10-ամյա Արմենը շանն անուն է տվել՝ Րիչի։ Նա այս ընտանիքի երկրորդ շունն է, Րիչին հիմա ապահով ձեքերում է, Արմենը հոգ է տանում նրան։

Րիչիին կլինիկայում ստերջացրել են, նրա պարանոցին հիմա հատուկ հարմարանք կա, որպեսզի ինքը չկարողանա լիզել վերքերը

Մարինան պատմում է, որ առաջին շանը՝ Ձյունիկին, որդեգրել են երեք տարի առաջ․ պատմությունը նույնն էր, կենդանին կրկին խոշտանգման զոհ էր դարձել։

«Երբ տեսնում ենք, որևէ մեկին օգնելու համար դրամահավաք է կազմակերպվել, հնարավորության սահմաններում գումար ենք փոխանցում։ Նույն տրամաբանությամբ, երբ տեսնում ես շանը նեղացնում են, կամ շունը տուն չունի, բնականաբար օգնում ես՝ եթե ունես անրաժեշտ պայմաններ ու շուն սիրում ես»,-ասում է Մարինան։

Նախաձեռնողը եղել է ամուսինը, ով, ինչպես ասում է Մարինան, մինչև առաջին շան որդեգրումը շներով առանձնապես հետաքրքրված չի եղել։

«Երեկոյան ամուսինս եկավ տուն ու հարցրեց՝ տեսե՞լ ես շան տեսանյութը։ Իհարկե տեսել էի։ Ամուսինս հարցրեց՝ չբերե՞նք տուն։ Մտածեցի՝ եթե ամուսինս է ասում, ուրեմն սա նշան է, անպայման պետք է որդեգրել շանը»,-պատմում է Մարինան։

Րիչիի ֆիզիկական վնասվածքներն աստիճանաբար լավանում են, բաց նա  դեռևս հոգեբանորեն շատ ընկճված է․«Մինչև հիմա նա շատ վախեցած է։ Ամեն ձայնից, ամեն կտրուկ շարժումից վախենում է, վեր է թռնում։ Բայց մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նա իրեն լավ, ապահով զգա, սկսի մեզ վստահել։ Որոշակի դրական տեղաշարժ արդեն նկատվում է»։

Երբ Րիչիին բերեցին տուն, ընտանիքի մյուս շունը՝ Ձյունիկը, անմիջապես հետաքրքրվեց՝ նոր բնակի՞չ է, հյո՞ւր է, փորձել է խաղալ հետը, բայց Րիչին, ինչպես պատմում է Մարինան, գռմռացել է, մոտ չի թողել․«Ձյունիկը շատ ընկերասեր է, ցանկացած շունիկի մոտ վազում է ծանոթանալու, խաղալու,  բայց Րիչիին հասկացավ, զգաց, որ ինչ-որ դժբախտություն կա։ Ձյունիկն սնունդի  հարցում ագահ է, օրինակ մեր կատվի ուտելիքը առանց խղճի խայթի խժռում է, բայց Րիչիի ուտելիքին չի մոտենում»։

Ասում է՝ ամենաշատը որդին էր ուրախացել, երբ իմացել էր, որ նոր շուն են տուն բերելու, մայրիկի հետ կլինիկա է գնացել․« Հիմնականում հենց Արմենն է խնամում  շանը,  մշակում է վերքերը, խաղում հետը, տանում է զբոսանքի։ Ինքն էլ  բավականին փորձառու է, ու շատ լավ, հոգատարությամբ է խնամում շանը»։

Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին էլ Մարինան ասում է՝ կենդանիները անօգնական են, անգամ եթե կենդանին ագրեսիվ է, մենք նրանց նկատմամբ առավելություններ ունենք․«Նույնիսկ ագրեսիվ, կծան շատ դեմ պայքարելիս կամ պաշտպանվելիս մարդը կարող է փայտ կամ զենք կիրառել։ Իսկ անպաշտպան, մարդուն հավատացող ու վստահող շների դեմ ուժ կիրառելն ուղղակի անթույլատրելի է, սրիկայություն։ Կենդանիները, մասնավորապես շները, հասարակության, բնության   մասն են։ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերվող մարդկանց խնդիրները, կարծում եմ՝ գալիս են մանկությունից՝ կամ ծնողների կողմից են նման վերաբերմունքի արժանացել, կամ նման բան եղել է իրենց շրջապատում, ու հիմա այդ կուտակված բարկությունը «թափում» են իրենցից թույլերի վրա»։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ