«Ծառուկյանը կարող է Աբովյանի համար բարերար է, բայց մեզ համար անբավարար է»․Ոսկեվազի բնակիչները դժգոհում են «Մուլտիտրանսպորտի» աշխատանքից

Աշտարակ քաղաքի ավտոկայանում բնակիչներն այսօր բողոքի ցույց էին անում՝ դժգոհելով «Մուլտի տրանսպորտ» ընկերությունից։ Ցույցի մասնակիցները վստահեցնում են՝ հերիք չի տրանսպորտը լավ չի աշխատում, մի բան էլ թանկացրել են։
Ոսկեվազի բնակիչներից համայնքի բնակիչ Հասմիկ Մնացականյանը նշեց.
«Միշտ առավոտյան ժամը 7.40–ին Ոսկեվազից ավտոբուսով գնացել ենք Երեւան, իսկ հիմա օրեր կան, որ ավտոբուս ընդհանրապես չկա, ընդ որում, ավտոբուսը Երևան չի հասնում։ Փաստորեն պիտի 200 դրամով գնանք հասնենք Աշտարակ, էդտեղից էլ 300 դրամով հասնենք Երեւան։ Ստացվում է, որ մինչև Երևան հասնելու համար նախկին 200 դրամի փոխարեն հիմա պիտի 500 դրամ ծախսենք»։
Նրանք նշում էին, որ մարդիկ կան՝ Երևանում են աշխատում, ամեն օր գնալ-գալու համար 1000 դրամ պիտի վճարեն, ինչը գյուղացիների համար մեծ ծախս է։
Ցույցի մասնակիցներն ասում էին, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող տրանսպորտային ընկերությունը չի արդարացնում իրենց սպասումները․« Ծառուկյանը կարող է Աբովյանի համար բարերար է, բայց մեզ համար անբավարար է։ Հիմա իմ գրպանը դատարկվում է, ինքը իմ գրպանով ուզում է փող աշխատի՞»։
Ցույցի մասնակիցների հետ հանդիպմանը Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը խոստացել է խնդիրը լուծել, նա վստահեցրել է՝ եթե մեկ շաբաթում բնակիչների բարձրացրած խնդիրները լուծում չստանան, նրանց սպասելու է քաղաքապետարանում․«Կքննարկենք խնդիրը։ Նախկինում էլ քննարկել ենք, լիքը հարցեր լուծել են, հուսով ենք՝ այս հարցն էլ կլուծեն»։
Ոսկեվազի բնակիչները վստահեցրել են՝ նշված ժամանակահատվածում խնդիրը չլուծվի, բողոքի ցույցն ավելի մեծ թափով են իրականացնելու։