Անոմալ երևույթ է․ օգոստոսի առաջին տասնօրյակում հանրապետության որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 42-ի

Հայաստանում օգոստոս ամսին գտնվելու է հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում ամսական միջին ջերմաստիճանը նորմայից 2-3 աստիճան բարձր կլինի, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Օգոստոսին մեզ սպասվում է բավականին շոգ եղանակ, ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի օգոստոսի առաջին տասնօրյակում»,-ասաց Սուրենյանը։
Նշված ժամանակհատվածում ցերակային ժամերին Շիրակի մարզում կգրանցվի 32-36 աստիճան, Կոտայքի լեռնային գոտիներում՝ 32-36 աստիճան, Կոտայքի նախալեռնային գոտիներում ջերմաստիճանը կարող է հասնել 36-39 աստիճանի, Գեղարքունիքում՝ 31-35 աստիճան, Լոռիում առավելագույնը՝ 32-35 աստիճան, Տավուշում՝ 36-39 աստիճան։ Ընդ որում, ինչպես ասաց Սուրենյանը, 39 աստիճան կլինի Բագրատաշենում ու հարակից տարածքներում։
Իսկ Արագածոտնի լեռնային գոտիներում կգրանցվի առավելագույնը 30-34 աստիճան շոգ, նախալեռնային գոտիներում՝ 36-40 աստիճան։
Արարատի, Արմավիր մարզերում, և Վայոց ձորի նախալեռնային հատվածներում կգրանցվի 40-42 աստիճան շոգ, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում՝ 30-34։
Սյունիքի հովտային գոտիներում՝ Մեղրի, Ագարակ, Կապան և հարակից գոտիներ՝ 39-42 աստիճան, 32-35 աստիճան՝ Սյունիքի լեռնային գոտիներում, իսկ Սյունիքի նախալեռնային գոտիներում կգրանցվի 32-36 աստիճան շոգ։
Երևանում օգոստոսի առաջին տասնօրյակում կգրանցվի առավելագույնը 40-42 աստիճան։
Սուրենյանի ներկայացմամբ՝ ամսվա 3-րդ տասնօրյակում սառը օդային հոսանքների ներթափանցում կլինի, գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է իջնել։
Ըստ այդմ, Շիրակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կհասնի մինչև 5-8 աստիճանի, Կոտայքի լեռնային գոտիներում՝ 6-9 աստիճան, նախալեռնային գոտիներում՝ 11-13 աստիճան, Գեղարքունիքում՝ 5-9 աստիճան, Լոռիում՝ 6-10 աստիճան, Տավուշում՝ 9-13, Արագոծտնի լեռնային գոտիներում՝ 5-9 աստիճան, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովտային գոտիներում՝ 13-16 աստիճան, Վայոց ձորի լեռնային գոտիներում՝ 6-10
աստիճան, Սյունիքի լեռնային գոտիներում՝ 5-8 աստիճան, նախալեռնային գոտիներում՝ 6-10 աստիճան։
Երևանում ևս օգոստոսի 3-րդ տասնօրյակում գիշերները ևս սառը կլինեն, օդի ջերմասիտճանը կհասնի 13-15 աստիճանի։
«Առաջիկա օրերին, մինչև օգոստոսի 9-ը ներառյալ, Հայաստանը շարունակելու է գտնվել արևադարձային տաք օդային ալիքի ազդեցության գոտում, ջերմաստիտճանի փոփոխություն չի լինի, ամենաբարձր ջերմաստիճանը կլինի Արարտյան դաշտում, Սյունքի հովտային գոտում և Երևանում՝ ցերեկային ժամերին հասնելով 39-41աստիճանի, առանձին տեղերոմ՝ մինչև 42 աստիճանի։ Օգոստոսի 10-11-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով։ Ցերեկային ժամերին հիմնականում կարձանագրվի 36-37 աստիճան։ Սա նույնպես համարվում է բարձր ջերմաստիճան»,-նշեց Սուրենյանը։
Ըստ նրա՝սա անոմալ երևույթ է, քանի որ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմային բարձր է 3-4 աստիճան։ Ընդ որում, այս տարվա շոգը, ինչպես ասաց Սուրենյանը, որոշակիորեն զիջում է 2011 և 2017 թվականներին գրանցված շոգին․«Սովորաբար կարող ենք ունենալ 40 աստիճան, բայց 40 աստիճանը դիտվի ժամը 16:00-17:00 հատվածում։ Բայց այս դեպքում բնակչության մոտ սթրեսային վիճակ է, քանի որ օրինակ օգոստոսի 2-ին օդի ջերամաստիճանը 40-ին մոտեցել է ցերեկվա ժամը 2-ից սկսած և պահպանվել է մինչև 18:00-ն»։