«Ցերեկը օձերից ենք վախենում, գիշերը՝ կարիճներից»․Վարդաշենի վթարային շենքի բնակիչները բողոքի ցույց են անում

«Քաղաքապետի կողմից հանձնարարված է, որ բարելավում լինի, բայց 2 տարի է ոչ մեկը չի եկել շենք, ու չի տեսել: Շենքը փլվում է, օձերն ու կարիճները էլ չենք ասում: Մենք տեսանյութեր ունենք, որտեղ հանձնարարականներ են տալիս, բայց դրանցից ոչ մեկը չի կատարվել մինչև առ այսօր»,-դժգոհում են Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշենի 9 փողոց 70 վթարային շենքի բնակիչները, ովքեր այսօր բողոքի ցույց էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են բարելավել շենքի 17 բնակարանների պայմանները:
Շենքի բնակիչների խոսքով՝ այլևս հնարավոր չէ ապրել նման անմարդկային պայմաններում: Ասում են, որ իրենց շենքի հարևանությամբ գտնվող հանրակացաները ներառված են բարելավման ծրագրերում, այնտեղի բնակիչները բնակարաններ են ստանալու, բայց իրենք կրկին անտեսվում են:
Բնակիչները բողոքում են նաև քարուքանդ ճանապարհներից․«Միայն ընտրություններին են մեզ հիշում: Մենք, որ տաքսի ենք նստում, տաքսու վարորդը մեզ իջեցնում է 500 մետր ներքև, ասում է, ես չեմ կարող այս ճանապարհը բարձրանալ, իմ մեքենան կոտրվում է»:
Տարածքում շատ են սողունները, բնակիչները պատմեցին, որ գրեթե ամեն ամեն քայլափոխի օձերի են հանդիպում․«Հենց հիմա էլ կարող ենք գնալ, նայել: Մեքենաները անցնելիս, օձը տակով փախնում է: Նույնիսկ տաքսու վարորդներն են վախենում, ասում են օձը կփաթաթվի ավտոյի տակ, հետո ինձ կկծի: Ժամը 5-ից հետո մենք տեղ չենք գնում, վախենում ենք: Ոչ մի կերպ չենք կարող հանգիստ ապրել: Ցերեկը օձերից ենք վախենում, գիշերը՝ կարիճներից»:
Բողոքի ցույցի մասնակիցները վստահեցրին՝ եթե քաղաքապետարանը հստակ պատասխան չտա ու խնդրին լուծում չտա, սկսելու են փողոցներ փակել։
Նրանք նշեցին, որ թաղապետարանում և քաղաքապետարանում միշտ ընդունել են ցածր օղակի պաշտոնյաներ, ու սակայն նրանք էլ պարզապես «փափուկ բարձ» են դրել իրենց գլխի տակ, մի շարք խոստումները, թե շուտով խնդիրը կլուծվի, տարիներ շարունակ չեն կատարվել․« Այսօր մենք պատասխան ենք պահանջում մի պաշտոնյայից, ով լիակատար տիրապետում է իրավիճակին: Թող մեզ չասեն, որ ընթացքի մեջ է: Մեզ պետք է, որ մենք հարցը տանք, մեզ պատասխանեն, ու մենք գնանք այստեղից»:
Բնակիչները իրենց բնակարանային բարելավման վերաբերյալ խոստումները ստացել են անձամբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից, ով քարոզարշավի ընթացքում է հրահանգել թաղապետին զբաղվել այս խնդրով: Սակայն քաղաքապետարանի կողմից մինչև այս պահը հստակ քայլեր չեն արվել: Այսօր էլ բնակիչներին տեղեկացրել են, որ քաղաքապետը արձակուրդում է, խնդրել են միայն դիմում գրել, որին պատասխանելու հստակ ժամկետներ ևս չկան:
Տեղեկանալուց հետո, որ քաղաքապետը արձակուրդում է, բնակիչները հանդիպում պահանջեցին փոխքաղաքապետի՝ Սուրեն Գրիգորյանի հետ: Պաշտոնյան դեռ չի հանդիպել նրանց հետ, սակայն նրանք ցույցը դադարեցնելու մտադրություն չունեն, հանդիպմանը սպասում են քաղաքապետարանի շենքում:
Նիկոլ Մարգարյան