Արտապատվիրակում ասվածը թաքնված ռիսկեր է պարունակում. փորձագետ

Սյունիքով անցող ճանապարհն արտապատվիրակելու հարցը Երևանը չպետք է քննարկի,-REGIONS TV-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Գրիգորի Սահակյանը: Նրա խոսքով՝ այդ տարածքում կարող է գործել միայն ճանապարհ՝ Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության տակ։
«Պետք է գործի ճանապարհ, ինչպիսին Հայաստան-Վրաստանն է, կամ Հայաստան-Իրանը: Արտապատվիրակում ասվածը թաքնված ռիսկեր է պարունակում, որոնք կարող են ի հայտ գալ ժամանակի ընթացքում և վտանգել Հայաստանի ինքնիշխանությունը»,-նշեց Սահակյանը:
Փորձագետի պնդմամբ՝ բազմաթիվ հարցեր են ի հայտ գալու․ օրինակ, սադրանքների դեպքում ո՞վ է պատասխանատվություն կրելու, կամ Հայաստանը տնտեսական ի՞նչ օգուտներ է քաղելու, քաղելո՞ւ է, թե՞՝ ոչ:
«Մյուս կողմից Իրանի գործոնը կա։ Իրանը հիմա կոշտ հայտարարություններ է անում և չի դիտարկում այդ սահմանին երրորդ պետության կամ թեկուզ ինչ-որ պատասխանատու կազմակերպության ներկայություն: Այդ հատվածում կարգավիճակի փոփոխությունն Իրանի համար լուրջ ռիսկեր է պարունակում և ընդունելի չէ»,-հայտարարեց Սահակյանը: